Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ը պետք է վճռական բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ». Ցույցեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ

Օգոստոս 29,2023 16:33

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ։ Այս կոչով այսօր «Բացում» նախաձեռնության անդամները ցույցեր արեցին ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ։

Նախաձեռնության հեղինակները Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ուղիղ դիմեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որպես խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի սկզբունքներին նվիրված առաջնորդի, որպեսզի նրա առաջնորդությամբ հրավիրվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ, քանի որ Արցախում ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային կառույցների անհապաղ վճռական գործողություններ:

«Հարգելի՛ նախագահ Մակրոն, հաշվի առնելով հումանիտար գործողություններին Ձեր նվիրվածությունը և խաղաղությանն ու մեր ժողովուրդների անվտանգությանը Ձեր անառարկելի աջակցությունը, ինչպես նաև Միավորված Ազգերի Կազմակերպության առաքելությանը և Ֆրանսիայի կողմից հաստատված բարձր արժեքներն ու սկզբունքները՝ մենք կոչ ենք անում ընդունել վճռական բանաձև, որը կանդրադառնա հետևյալ կենսական կետերին.

Առաջին, մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի (Լաչին) միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Հրատապ գործողությունները չափազանց կարեւոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը եւ լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։

Երկրորդ, Բերձորի միջանցքի բացում եւ անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթևացնելու և բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:

Երրորդ, պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների և խոշտանգումների դեմ։

Չորրորդ, խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի և հարգվի։

Արցախի հայ ժողովուրդը կանգնած է Ադրբեջանի և իր հովանավորների կողմից աննախադեպ սովի ու շրջափակման միջոցով ահաբեկման, ազատ կամքի հպատակեցման, հայրենազրկման ու ցեղասպանության մարտահրավերների առաջ։ Ձեր նվիրումը մարդկության բարեկեցությանը և անվտանգությանը հույսի փարոս է։ Մենք կոչ ենք անում Ձեզ շարունակել անգնահատելի ջանքեր ներդնել հանուն միջազգային միասնականության՝ Արցախի հայ ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրման, իրավունքների, ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության գործում»:,-ասված է «Բացում» նախաձեռնության  կոչում:

Նախաձեռնության անդամները նամակներ փոխանցեցին դեսպանություններին` երկրների ղեկավարներին դրանք հասցնելու խնդրանքով։

«Բացում» նախաձեռնության անդամները նախատեսում են օգոստոսի 30-ին նմանատիպ ցույցեր անել նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ և Չինաստանի դեսպանատների մոտ։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031