Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջափակման հետևանքով Արցախում 1870 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Օգոստոս 29,2023 15:48

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 261-րդ օր
Համաձայն Արցախի կառավարության թիվ 93 տեղեկագրի՝ 29.08.2023թ. դրությամբ

  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,870 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 7 օրվա ընթացքում աճելով շուրջ 35 դեպքով։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 744 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: Վերջին օրերին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 343 հոգի (հիմնականում ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ) տեղափոխվել են Հայաստան: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին և վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան:
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք, ներառյալ՝ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 216 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (261 օրվա ընթացքում մարդկանց 639,450 -ի փոխարեն՝ 2,955 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 7 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 391 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի և ռուս խաղաղապահների մեքենաներով:
  • Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 80 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (261օրվա ընթացքում 240,120-ի փոխարեն՝ 2,969 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 5 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները:
  • Շուրջ 18 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (261 օրվա ընթացքում մոտ 104,400 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 7 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
  • Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 194 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 232 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
  • Շրջափակումից ի վեր 1468 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
  • Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։
  • Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
  • Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 495 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 54 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Ադրբեջանցիների կողմից ապօրինի անցակետում առևանգվել և ազատությունից զրկվել են արցախցի երեք ուսանողներ

Օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։

Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վերածվել է ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք։

Թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:

Հաշվի առնելով այդ երկու դերակատարների ստանձնած պարտավորությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է նրանցից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։

Արցախի տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031