«Իշխան Վահանյանը միանշանակ լքել է զինվորներին, թողել է և հեռացել»,-Aravot.am-ի փաստմանը՝ արդեն շատ անձինք են հարցաքննվել, ի՞նչ եզրահանգումներ կարելի է այս փուլում անել Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքել-չլքելու հետ կապված, այսպես պատասխանեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ օգոստոսի 29-ին հարցաքննվեց զոհված զինծառայողի ծնող Սամվել Գրիգորյանը։
Նրա որդու մարմինն իրենց է հասել 2021-ի դեկտեմբերի 28-ին։ Դատարանի դահլիճում հայրը հայտնեց, որ որդու հետ վերջին անգամ զրուցել է դեկտեմբերի 15-ին։ Սամվել Գրիգորյանն ասաց, որ որդին իրենց առանձնապես մանրամասներ չի հայտնել, թե ինչ վիճակ է իրենց մոտ, ըստ երևույթին արդեն շրջափակման մեջ են եղել։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին. 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Կարդացեք նաև
Գուրգեն Գրիգորյանի հավաստմամբ՝ միայն այս մեղադրանքը չպետք է լինի․ «Հարցաքննությունների՝ հատկապես զինվորների հարցաքննությունների ընթացքում պարզվում է, որ Իշխան Վահանյանի հանցանքն ավելի շատ է եղել մինչև «Խուրհատ սար» բարձրանալը։ Անգամ Հադրութի զորամասում պահելու հանգամանքը, որտեղ ընկել է արկ և արկից մեկի աչքերն են վնասվել, մյուսի թևերը, ռմբակոծության ժամանակ կամազներով և ուրալներով երեխաներին վերև են բարձրացրել, էրեխեքին չեն տվել բահեր, քլունգներ, չեն հրամայել դիրքավորվել, այդ ամենը ավելի վատ արարքներ են, քան միայն թողնել, հեռանալը։ Իմ կարծիքն է, որ ոչ միայն այս հոդվածը պիտի լիներ, ոչ միայն այս դրվագը պիտի լիներ Իշխան Վահանյանի վրա, այլ մեղադրանքը պիտի սկսվեր ոչ ճիշտ դիրքավորվելու, ոչ ճիշտ կազմակերպելու հարցով, որի հնարավորությունը թե′ ինքը, թե′ մնացած սպաներն ունեցել են։ Դա լրիվ այլ հարց է։ Սեպտեմբերի 25-26-ից սկսված բավականին լուրջ նյութեր են հավաքվում, որ պահպանությունից պաշտպանության չեն անցել, որ ամսի 25-ից կուտակումներն ամբողջությամբ ֆիքսված են եղել և դրանք ֆիքսված են եղել դրոնի միջոցով և ոչ մի ռեալ գործողություն ո′չ քաղաքական, ո′չ ռազմական իշխանություն չի իրականացրել։ Դրա վերաբերյալ բոլոր բարձրագույն սպաները՝ գեներալից սկսած մինչև փոխգնդապետեր ցուցմունք տվեցին»։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին։ Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ այդ օրը նախատեսված են բավականին շատ հարցաքննություններ՝ տուժողի ներկայացուցիչներ, տուժողներ և փորձագետ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ https://infocom.am/–ի