«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպում է Աջափնյակ վարչական շրջանի բնակչության հետ։
«Մի հատ բան ունեմ ձեզ ասելու՝ բանակի հարցը լուծեք։ Փոխանցեք պարոն Փաշինյանին՝ թող բոլորի երեխաները գնան ծառայեն»,– ասաց աջափնյակցի մի կին։ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ոչ բոլորն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։ «Այո, չինովնիկներինը, դուք արդեն գիտեք, թե ես ինչ նկատի ունեմ»,- ասաց բնակչուհին։ «Ինչո՞ւ միայն չինովնիկներինը, նաեւ տարբեր թեկնածուներինը»,- ասաց Ավինյանը։
Բակերից մեկում ֆուտբոլի դաշտը մատնացույց անելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ բնակիչները ասել են, իրենք էլ կառուցել են այդ դաշտը։ Բնակչուհիներից մեկը մանրամասներ ներկայացրեց․ «Դաշտը կար, գործում էր։ Ճիշտ է, շատ ժամանակակից չէր, բայց 30 տարի գործում էր։ Այնտեղ կանաչ ծառերի մի ստվար զանգված կար, որոնք ոչնչացվեցին։ Երբ շինթույլտվություն է տրվել, ինչո՞ւ չեք հետաքրքրվել՝ ի՞նչ կար այդտեղ, որ շինթույլտվություն տրվեց»։ Ավինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ծառեր էին։ Սովորական ծառեր, արձագանքեց բնակչուհին։ «Էդ ձեր ասած սովորական ծառերը թեղիներն են։ Ես խոստանում եմ շատ լավ ծառատեսակներ աշնանը բերել ու տնկել»,- նշեց Ավինյանը։
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երեւանում հիմնանորոգվող 24 մանկապարտեզներից 5-ը գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում։ «Այս տարի միայն կառուցվում է 100 կմ-ից ավելի ճանապարհ, որից 11 կմ-ն կառուցվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Աջափնյակից շատ պահանջարկ է եղել, դրա համար էլ Աջափնյակի ծրագրային ծավալները շատ ավելի մեծ են։ Եվ այստեղ է նաեւ ամենախոշոր ծրագիրը, որը նախատեսում ենք՝ Աջափնյակի մետրոն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ