«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ապացուցում է, որ մեր օրակարգը ճշգրիտ է, համապատասխանում է Հայաստանի ու Արցախի օրակարգին։ Արցախից քաղաքացիներ են առեւանգվում եւ դրա մեղքը ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիեւինն է, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի իշխանությանը։ Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կարողանա գոնե սուբյեկտայնություն ձեռք բերել եւ մեր անվտանգային խնդիրները գոնե նվազագույն մակարդակի լուծել։ Երեւանի ընտրություններն այն առիթն են, որ մեզ կտան այդ հնարավորությունը՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնել եւ Հայաստանում իրավիճակ փոխել»,-այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:
Նախորդ հանդիպումներից Անդրանիկ Թեւանյանն այնպիսի տպավորություն ունի, որ երեւանցիները աջակցում են դաշինքի այս ծրագրին. «Արայիկ Հարությանը Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի, նրա հեռացումը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման, Արցախը ցեղասպանությունից զերծ պահելու գլխավոր նախապայմանն է: Ինչպես եղավ՝ Արայիկ Հարությունյանի նախագահ նշանակելը, հետո պատերազմը, հետո պարտությունը. հիմա մենք պիտի այդ ամենը հետ պտտեցնենք եւ հասնենք իշխանափոխության, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Արայիկ Հարությունյանը պետք է հեռացվի Արցախի նախագահի պաշտոնից, քանի որ ցույց է տվել իր անգործունակությունը, կամակատարությունը, եթե կուզեք՝ հարճությունը։ Արայիկ Հարությունյանի հեռացումը կթուլացնի Երեւանի իշխանության հենարանը եւ հնարավորություն կտա հեռացնելու նաեւ Նիկոլ Փաշինյանին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ