Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ողջունում է Դունյա Միյատովիչի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված

Օգոստոս 29,2023 12:59

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է օգոստոսի 28-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը, որով վերջինս մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Մասնավորապես, Դունյա Միյատովիչը նշել է, որ շարունակում է լրջորեն մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով և բնակչության իրավունքներով։

«Ես վերահաստատում եմ կոչը, որն արել եմ այն ժամանակ՝ վերականգնել ազատ տեղաշարժն այդ ճանապարհով»,- հայտարարել է Միյատովիչը։

«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը այդ շրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումների, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խաթարման պատճառով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի բացակայության խնդրին»- ասել է Հանձնակատարը։

Միյատովիչը նշել է, որ «շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն` խուսափելու համար տեղի բնակչության համար շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ տեղաշարժը»։

«Ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը` ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ աշխատանքներում և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ աջակցելու մարդու իրավունքների առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ակտիվ համագործակցել միջազգային դերակատարների հետ խնդիրների հրատապ լուծման տարբերակների ուղղությամբ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031