«Ես կփորձեմ առաջին հերթին կապ ստեղծել, որ խոսենք մեր բալիկների հետ եւ իրենց ներկայությամբ ստանալ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, շատ կարճ է լինելու եւ անձամբ իրենք դա կլսեն այն պաշտոնյայի անունից, ով բերելու է` թողելու է մեր բալիկներին Ստեփանակերտում: Ես դա երաշխավորում եմ»,- երեկ գիշերը Արցախի խորհրդարանի մոտ ցուցարարների հետ զրույցում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան նա խոստացել էր հանդիպել երեկ՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիների կողմից առեւանգված երեք հայ երիտասարդների ծնողների հետ: Հիշեցնենք, երեկ գիշեր Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ էր հրավիրել, այդ ընթացքում իրավիճակը լարվեց, մարդիկ սկսեցին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Նիստը տեւել է 6 ժամ:
«Սով, ամեն ինչի պակաս, մեր հղի կանայք ստիպված կամ ֆիզիոլոգիական պատճառով կորցնում են երեխաներին, ամեն երրորդ մարդ այսօր թերսնման վիճակում է. դուք կարող եք հայհոյեք ինձ, վիրավորեք, քննադատեք, ուղղակի ուզում եմ ներողամիտ լինեք, իրար հարգենք: Հասել ենք այդ վիճակին, որովհետեւ հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին, Հայաստանի իշխանություններին, Ամերիկային է … հեն ենք՝ հիմա, պատանդի կարգավիճակում»,-երկրի վիճակին մասին էլ ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ վեցժամյա քննարկման արդյունքում միասնական որոշում չի կայացվել:
Կարդացեք նաև
«Բայց ես, որպես երկրի նախագահ, պարտավոր եմ ասել՝ եթե չհարգվի ժողովրդի կողմից, դա այլ հարց է. կարճ, շատ կարճ՝ մի քանի օրվա ընթացքում, պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նա խոսեց առաջին փուլում ճանապարհի բացման մասին. թե ո՞ր ճանապարհի բացման մասին էր նա խոսում, հասկանալի չդարձավ: Արայիկ Հարությունյանի այդ հայտարարության ընթացքում կրքերը բորբոքվեցին, մարդիկ սկսեցին տարբեր բաներ բղավել: Լսվեց բղավոց, որ մի մասն ուզում է դուրս գալ: Բայց երբ Արայիկ Հարությունյանը արձագանքեց այդ հայտարարությանը, մեկ այլ կողմից լսվեց. «Ա, չէ՜, ի՞նչ դյուս կյալ: Դյուս կյալ չկա»:
«Ճանապարհի հետ կապված հարցը. ճանապարհը՝ գործելու է մի ճանապարհ եւ դա Լաչինի ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չկա»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցի մասին էլ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր-վաղը ավելի նեղ կազմով կքննարկեն իր հրաժարականի հարցը:
Տեսանյութում լսվող արձագանքներից, սակայն, հասկանալի է դառնում, որ մարդիկ Արայիկ Հարությունյանի խոսքերին չեն հավատում եւ չեն վստահում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ