Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոպանուղու կառուցում, միասնական տոմսային համակարգի ներդրում, անվճար տրանսպորտ․ ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Երեւանի համար

Օգոստոս 29,2023 12:30

«Տրանսպորտի համակարգի բարեփոխումը, որը մենք ենք առաջարկում, երկու մասով է թեթեւացնելու տրանսպորտային համակարգը՝ մեկը լուծելով բնակիչների տեղափոխման հարցը, մյուսը՝ դրանով նպաստելով Երեւանում ավտոմեքենաների թվի նվազմանը»,- այս մասին այսօր «Երեւանի տրանսպորտային համակարգի խնդիրը․ինչպե՞ս եւ ե՞րբ է այն լուծվելու» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։ Նրա խոսքով՝ եթե պատշաճ ու նորմալ գործող հանրային տրանսպորտ լինի, դա կբերի նրան, որ մարդիկ աշխատանքի գնալու համար նախապատվությունը կտան այնպիսի համակարգի, որն ավելի էժան է, կայանելու խնդիր չի լինելու։ «Խոսքն, իհարկե, ճոպանուղու ծրագրի մասին է։ Մենք ունենք 94 կետից բաղկացած նախագիծ, որը Երեւանի բոլոր վարչական շրջաններում խիստ հագեցած ճոպանուղային ցանց է նախատեսում»,- ասաց նա։

Դավիթ Մարգարյանը հավելեց, որ Երեւանի միայն հյուսիսային երեք-չորս վարչական շրջանների ամբողջ ճոպանուղային ցանցն ավելի էժան ծախս է ենթադրում, քան մեկ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման այսօր հայտարարված նախագծային արժեքն է։ «Ամենաշատը 40 մլն դոլարի մասին է խոսքը, ամբողջ հյուսիսային մասը ծածկելը։ Մենք ճոպանուղային համակարգը ներդնելով՝ ոչ միայն խոսում ենք այն մասին, որ տրանսպորտային հոսքերն ենք պակասեցնելու, այլ նաեւ խոսում են այն մասին, որ էկոլոգիապես մաքուր ծրագիր է։ Այսօր Երեւանում մեքենաների քանակությունը, բացի տեղաշարժի խնդիրներ ստեղծելուց, նաեւ էկոլոգիական խնդիրներ է ստեղծում։ Բացի դա, ճոպանուղու թողունակությունը շատ ավելի մեծ է, ընդամենը 2,5-3 կմ-անոց հատվածը 10 ժամում 115 մարդ թողունակություն ունի»,- ասաց նա։

«Ազգային առաջընթաց»–ի ցուցակում ընդգրկված՝ Երևանի ավագանու անդամի թեկնածու Գրիգոր Երիցյանն ասաց, որ բարեփոխումները, որոնք մեկնարկել են տրանսպորտային ոլորտում, ցավոք, չեն հասցվել ավարտին, դեռ շատ անելիքներ կան։ «2018 թվականին քաղաքապետի մեր թեկնածու Հայկ Մարությանը սկսեց տրանսպորտի բարեփոխումները։ Իր պաշտոնավարման ընթացքում Երեւանում հայտնվեցին շուրջ 400 նոր ավտոբուսներ, դրանց մի մասի գնումները սկսեցին 2019 թվականից, վերջին գնումները 2021 թվականի վերջին կատարվեց, եւ 2022 թվականին Երեւան եկան տրանսպորտային միջոցները, չնայած այն քաղաքական ընդդիմությանը, որը թիմի ներսում կար։ Առնվազն 211 ավտոբուսի մասով քաղաքական թիմի հետ այդ շրջանում կար անհամաձայնություն, բայց ի հեճուկս անհամաձայնության, եւս 211 ավտոբուս եղավ քաղաքում։ Մենք նաեւ շատ այլ առաջարկներ ունենք տրանսպորտի բարեփոխումների հետ կապված։ Դրանցից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է, որի գործընթացը սկսվել էր դեռեւս 2021 թվականին։ 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ մրցույթը, ընտրվեց հաղթող, եւ անհասկանալի պայմաններում 2022 թվականից գործընթացը կանգնած է։ Հաջորդը տրանսպորտային համակարգի կառավարման նոր համակարգի ներդրումն է, որովհետեւ ավտոբուսները չեն կառավարվում, չվացուցակներ չկան։ Բացի դրանից, կայանատեղիների լուրջ խնդիր կա, հեծանիվների ուղիների լուրջ խնդիր կա»,- նշեց Երիցյանը։

Նա ասաց, որ տրանսպորտային բարեփոխումը շատ թանկ է, առանց միջազգային գործընկերների ու կառավարության հետ համագործակցության այս բարեփոխումը չի կայանա։ Ուստի, կարեւոր է, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեն բաշխի ոչ թե ըստ իր նախասիրությունների, ըստ նրա՝ քաղաքապետն իրեն դուր է գալիս, թե ոչ, այլ կատարի Սահմանադրությամբ իր պարտավորությունը, այն է՝ ՏԻՄ-երին աջակցելը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն ասաց, որ բոլորը խոսում են չվացուցակների, տոմսային համակարգի, նոր ավտոբուսների մասին, այսինքն՝ բոլորի մոտ բանաձեւի այս մասը նույնն է։ «Ես ուզում եմ ներկայացնել, թե որտեղ է եղել մեր տարաձայնությունը 2018-2019 թվականներին․ երբ սուր բանավեճ տեղի ունեցավ ավագանու նիստի ընթացքում, այն հայտնի «քուանշ» արտահայտությունը, որը ես արեցի, տրանսպորտի համակարգի շուրջ էր։ Մենք ունենք գծեր, որոնք կրկնվում են մեր այսօրվա եղած երթուղում։ Օրինակ՝ մարդիկ Ներքին Շենգավիթից կարող են նստել երթուղային, հասնել Ավանի որեւէ միկրոշրջան։ Ամբողջ աշխարհում նման բան չկա, որ երթուղային տաքսին մեկ ուղղությամբ կարողանա հասնել մարդու վերջնակետին։ Մեր եղած ցանցն այդպես է գծված եղել, առ այսօր այդպես էլ շարունակվում է։ Սրա արդյունքում, երբ այդ նույն երթուղին պայմանականորեն հասնում է մինչեւ Խանջյան փողոց, հայտնվում է մեկ այլ երթուղի, որն այդ պահից արդեն կրկնում է այդ գիծը։ Սա մեր հին ցանցն է, երբ մենք ասում ենք, որ պետք է նոր ցանց ներդրվի, դա պետք է լինի ցանց, որը չի կրկնվում։ Բովանդակությունը հետեւյալն է՝ կան վարչական շրջաններ, որոնք ունեն սնուցող գծեր, եւ կան հիմնական գծեր։ Չի կարելի Ներքին Շենգավիթից մեկ ուղղությամբ գնալ հասնել Ավան, դա անարդյունավետ է, թանկ է նստելու քաղաքապետարանի վրա»,- նշեց Խաժակյանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում արձանագրում են, որ տրանսպորտի սպասարկումից բողոքներն, ըստ էության, վերացել են։ «Ինչ վերաբերում է բարեփոխումների շարունակությանը, միասնական տոմսային համակարգի ներդրումն իրականացվում է, արդեն կա հաղթող ընկերություն, որը ծառայությունը մատուցելու է, այսինքն՝ մինչեւ տարեվերջ մենք կունենանք միասնական տոմսային համակարգ, որով հնարավոր կլինի օգտվել ինչպես ավտոբուսներից, տրոլեյբուսներից, այնպես էլ մետրոյից»,- նշեց Գալջյանը։

Ըստ նրա՝ ներդրվում են GPS համակարգեր, որոնք առաջիկա երեք ամիսների ընթացքում փուլ առ փուլ կտեղադրվեն հանրային տրանսպորտում, եւ քաղաքացին «Յանդեքս» հավելվածով հնարավորություն կունենա հետեւել, թե տրանսպորտը քանի րոպեն մեկ է գալիս եւ քանի րոպեից կհասնի։ «Մենք նաեւ առաջիկա տարիներին պլանավորում ենք ձեռք բերել էլեկտրաավտոբուսներ, որոնք ամբողջական կդարձնեն տրանսպորտի բարեփոխումը»,- հավելեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Նա ասաց, որ ամբողջ Երեւանում ճոպանուղու ցանցի ներդրումն ահռելի ծախս է ենթադրելու։

«Հաղթանակ» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Ուգուջյանն էլ նշեց․ «Մեր կարգախոսն է՝ մարդամոտ քաղաք։ Եվ մենք մեր բարեփոխումները հենց այդ ելակետից ենք սկսում։ Բարեփոխումներն ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ բնույթ, բայց հիմնական մեխն այն է լինելու, որ մեր պատկերացմամբ հասարակական տրանսպորտը պետք է լինի անվճար։ Երբ խոսում ենք այս մասին, շատերը նշում են, որ դա պոպուլիզմ է, բայց կարող ենք բերել վառ օրինակ։ Երբ ես խոսում եմ Լյուքսեմբուրգի օրինակի մասին, բոլորն ասում են՝ նրանք մեզանից հարուստ երկիր են։ Բայց երբ մենք ուսումնասիրում ենք փորձը, տեսնում ենք, որ Լյուքսեմբուրգն այս քայլին գնացել է ոչ թե նրա համար, որ հարուստ երկիր է, այլ գնացել է որպես խնայողություն։ Անվճար տրանսպորտը քչացրեց մեքենաների հոսքը, այսինքն՝ բավական մեծ խնայողություններ կան»։ Ըստ նրա՝ կան հաշվարկները, որոնք մասնագետները կներկայացնեն, բայց տրանսպորտի անվճար լինելը Երեւան քաղաքի վրա ֆինանսական բեռ չի լինի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031