ԱՐՑԱԽՊՐԵՍ. Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել:
Եթե Ադրբեջանը իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ պարզապես պիտի չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը: Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, ոը հետևաբար, այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։
«Քաշաթաղի ( Լաչինի ) միջանցքի `սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Լ. Ավանեսյանը։