Լրահոս
Օրվա լրահոսը

34-ամյա կնոջ սպանության համար մեղադրվող ամուսինը ճանաչվել է անմեղսունակ

Օգոստոս 29,2023 11:55
qreakan

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 08։53-ին, Վանաձոր քաղաքի բնակիչը զանգահարել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն և հայտնել, որ սպանել է իր կնոջը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 08։45-ի սահմաններում, ամուսինը, իրենց տան բակում գտնվող տաղավարում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը դեռևս 2021 թվականից տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, ինչը հաշվի առնելով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրա նկատմամբ նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական, ինչպես նաև՝ կրկնակի համալիր հանձնաժողովային դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ մեղադրյալը հանցանքը կատարելու պահին թեև ֆորմալ հասկացել է իր գործողությունների հակաիրավական բնույթը, դրանց քրեորեն պատժելիությունը, սակայն հաշվի առնելով նրա մոտ հուզակամային արտահայտված խանգարումները, զառանցական գաղափարների առկայությունը, դրանց հետևանքով հոգեկան գործունեության ապակազմակերպվածությունը, իր մղումների նկատմամբ կամային վերահսկողության թուլությունը, իր գործողությունների նկատմամբ կամային և ինտելեկտուալ վերահսկողություն իրականացնելու կարողությունների բացակայությունը և այլ գործոններ, նա չէր կարող գիտակցել և հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար և ղեկավարել դրանք: Ուստի՝ մեղադրյալն արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում։

Հաշվի առնելով դեղորայքային բուժման ֆոնի վրա պահպանվող ակտուալ հոգեախտաբանական ախտանիշները, վարքային դրսևորումները, միտումները, հակասոցիալական վարքագիծը՝ նա բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում, կարիք ունի հարկադրական բուժման՝ հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցային պայմաներում:

2023 թվականի ապրիլի 13-ին դատարանի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է, և նույն օրը նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել բժշկական հսկողությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031