Լրահոս
Օրվա լրահոսը

Գործակալությունը եկավ եզրակացության, որ վարչապետի աշխատակազմը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում. Արծվիկ Մինասյան. «Հրապարակ»

Օգոստոս 29,2023 11:02

Հայաստանի համար անցանկալի անձ հռչակված սփյուռքահայ 8 դաշնակցականներից 4-ի գործը դատարանում, եւ ընթանում է դատաքննություն՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը նաեւ այս դաշնակցականների ներկայացուցիչն է դատարանում։

«Մենք Մուրադ Փափազյանի մասով մի հետաքրքիր գործընթաց անցանք նաեւ, որը, կարծում եմ, շատ կարեւոր է․ ուրեմն անձնական տվյալների պաշտպանության միջազգային կոնվենցիա ունենք՝ տվյալների ավտոմատ հավաքագրման եւ պաշտպանության վերաբերյալ։ Այնտեղ ամրագրված է, որ Հայաստանը պետք է ունենա անկախ գործակալություն, որը պետք է վարչական կարգով իրականացնի անձնական տվյալների պաշտպանությունը։ Այդպիսի գործակալություն է արդարադատության նախարարությունում գործող անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

Մենք Մուրադ Փափազյանի հարցով ԱԱԾ-ին հարցում ուղարկելուց եւ մերժում ստանալուց հետո դիմեցինք այս գործակալություն։ Գործակալությունը, ի պատիվ իրենց, քննելով ողջ ծավալը, եկավ համոզման, որ ոչ միայն խախտում է տեղի ունեցել վարչապետի աշխատակազմի կողմից, որովհետեւ Մուրադ Փափազյանի վերաբերյալ առաջին հրապարակումը կատարեց «Արմենպրես» լրատվականի միջոցով վարչապետի աշխատակազմը՝ ներկայացնելով, թե ինչի համար է արգելվել մուտքը։ Հարցն այն է, որ, ՀՀ օրենսդրությամբ, վարչապետի աշխատակազմն իրավունք չուներ այդ տեղեկատվությանը տիրապետելու, եւ երբ մենք հարցում կատարեցինք ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն պատասխանեց, որ այդ տեղեկատվությունը կա, բայց մենք չենք կարող ձեզ տրամադրել, չենք կարող բացահայտել որեւէ աղբյուր, չենք կարող ասել, թե ինչի համար է Փափազյանը համարվել պերսոնա նոն գրատա։ Երբ մենք դիմեցինք գործակալությանը, վերջինս եկավ եզրակացության, որ վարչապետի աշխատակազմը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում եւ պարտավոր է դա վերացնել՝ հեռացնելով այդ տվյալներն իր մոտից, եթե դրանք կան, բացի այդ՝ «Արմեպրես» լրատվականը պարտավոր է հեռացնել հրապարակումը։ ԱԱԾ-ն խախտել է օրենքը եւ պարտավոր էր տրամադրել տեղեկատվություն Մուրադ Փափազյանի ներկայացուցիչներին՝ ինձ, Սիրանուշ Սահակյանին եւ Ռուբեն Մելիքյանին, ինչը չի կատարել։

Զարմանալիորեն, ԱԱԾ-ն դատական հայց ներկայացրեց նաեւ գործակալության դեմ։ Հիմա մենք զուգահեռաբար 2 դատական պրոցեսի մեջ ենք․ մի կողմից՝ ԱԱԾ-ն՝ ընդդեմ գործակալության, որպես 3-րդ անձ ենք ներգրավված, մեկ այլ դրվագով մենք ենք հայցվոր կողմը՝ պահանջելով ճանաչել ԱԱԾ-ի գործողությունները ոչ իրավաչափ, հետեւաբար` իրավահարաբերության բացակայություն՝ անձի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու եւ դրա հիման վրա արգելք սահմանելու մասին։ Նաեւ՝ ԱԱԾ-ին պարտադրել գործողություն, որպեսզի վերացնի այդ խախտումը։»,- ասաց Մինասյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031