Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան 9.00-ին պետք է հանդիպեր երեկ, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիների կողմից առեւանգված երեք հայ երիտասարդների ծնողների հետ. այդ մասին Արայիկ Հարությունյանը հայտարարել է գիշերը՝ Արցախի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների հետ զրույցում:
Հիշեցնենք, երեկ գիշեր Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ էր հրավիրել, այդ ընթացքում իրավիճակը լարվեց, մարդիկ սկսեցին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Նիստը տեւել է 6 ժամ:
Ցուցարարների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նաեւ ասել է, որ առեւանգված տղաների ծնողներին լավ լուր ունի հայտնելու, բայց չի ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ անելու է, որ երեք տղաներին հնարավորինս շուտ վերադարձնի․ «Ես կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ և իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, նրանք անձամբ կլսեն այդ պաշտոնյայի անունից, ով բերելու է, թողելու է մեր բալիկներին Ստեփանակերտում, ես դա երաշխավորում եմ»։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը ցուցարարներին նաեւ հավաստիացրել է, որ Լաչինի ճանապարհին այլընտրանք չի կարող գործել:
Արայիկ Հարությունյանը խոսել է նաեւ իր հրաժարականի մասին՝ ասելով, որ թեեւ հետ էր կանգնել հրաժարականի մասին իր խոսքից, բայց պատրաստ է ամեն րոպե հրաժարական տալու․ «Այսօր քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ․․․»։
«Սիսումասիս» տելեգրամ ալիքի փոխանցմամբ, Ստեփանակերտում իրավիճակը չի հանդարտվում, շարունակում է լարված մնալ, կրքերը ավելի թեժանում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Տիգրան Գասպարյանի