«Ժողովուրդ» օրաթերթը թերթեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագիրը, եւ պարզվեց, որ հեղափոխության տարում նա ամսական մոտ 470 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ է ստացել: Այնուհետեւ, երբ 2020-ից աշխատանքի է անցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ում, վարձատրություն է ստացել 1 մլն 900 հազար դրամ, որը 2 տարի անց՝ ամուսնու պաշտոնական առաջխաղացումից հետո, դարձել է 9 մլն 474 հազար դրամ:
Այսինքն՝ 2021 թվականին «ՀայՓոստ»-ից նա ստացել է 6 մլն 812 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 9 մլն 474 հազար դրամ: Թե ինչպես, ինչի հաշվին է Շուշան Ալեքսանյանի ստացած ամսական մոտ 150 հազար ՀՀ դրամ վարձատրությունը 2 տարի անց դարձել ամսական մոտ 800 հազար դրամ, դժվար է ասել: Բարդագույն այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ գործատուից:
Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի աշխատանքի վարձատրությունը աճել է գրեթե 4 մլն-ով՝ դառնալով 9 մլն 474 հազար դրամ: Ի՞նչ հիմնավորմամբ է եղել աշխատանքի վարձատրության բարձրացումն այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մասսայականորեն հաստիքներ էր կրճատում մարզերի եւ Երեւանի մասնաճյուղերում, նաեւ «ՀայՓոստ»-ում ՊՎԾ-ի կողմից արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ, որի համար ընկերությունը տուգանվել է։
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հստակ հարցադրումներին «ՀայՓոստ»-ից ստացանք հետեւյալ պատասխանը. «Հարցման մեջ նշված անձը «ՀայՓոստ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2020 թվականից, աշխատանքի վարձատրությունը որոշված է ընկերության եւ աշխատակցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրույքաչափով, որը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ տրամադրման կամ հրապարակման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածի ուժով»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում