Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի միջազգային հանրության ազդեցությունը Արցախյան հարցում կորցնում է իր լեգիտիմությունը․ «Փաստ»

Օգոստոս 29,2023 09:30

Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, Փաշինյանն ու իր թիմակիցները փորձեցին դա պայմանավորել այն հանգամանքով, թե իբր Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան, սակայն իրականում դրանով խաչ քաշեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարիներ շարունակ գործող միջազգային բանակցային ձևաչափի վրա։ Դրա համար էլ Ալիևը նշում է, թե միջազգային հանրությունը նախկինում երբեք Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, իսկ հիմա իրավիճակ է փոխվել։

Փաստացի միջազգային հանրության ազդեցությունը Արցախյան հարցում կորցնում է իր լեգիտիմությունը, և այդ հանգամանքից ելնելով՝ Ադրբեջանը հայտարարում է, թե դա իր ներքին գործն է, որին որևէ մեկն իրավունք չունի խառնվել։ Արցախը զիջելուց հետո էլ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե պետք է գործի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ։ Այդպիսով, Ստեփանակերտին ամբողջովին մենակ են թողնում Բաքվի սպառնալիքին դեմ հանդիման, քանի որ ուղղակի միամիտ պետք է լինել հավատալու համար, թե Բաքուն երբևիցե թույլ կտա որևէ միջազգային մեխանիզմի ստեղծում։

Բաքուն չի էլ թաքցնում, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է միայն վերաինտեգրման շուրջ՝ դրա հետ մեկտեղ առաջ մղելով Արցախի հայաթափման հեռանկարը։ Իսկ իրավիճակի վրա Հայաստանը կարող է ներազդեցություն ունենալ հիմնականում երկու ճանապարհով։

Մի ճանապարհը ռազմականն է, սակայն մի կողմից՝ ռազմական առումով Հայաստանը դեռևս պատրաստ չէ, իսկ մյուս կողմից էլ՝ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ՀՀ իշխանությունները ի վիճակի չեն ռազմական գործողություններ նախաձեռնել, քանի որ իրենք արդեն համակերպվել են անվերջ զիջումներ անելու գործելակերպին։ Մյուս ճանապարհը դիվանագիտականն է։ Բայց այս ուղղությամբ մի քանի քայլ ձեռնարկելուց հետո մեր իշխանությունները համարում են, թե իրենց գործն ավարտել են՝ Արցախի թեման բարձրացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Եվ չնայած իրենց չի հաջողվել հասնել այս թեմայով որևէ բանաձևի կամ հայտարարության ընդունման, այնուամենայնիվ, հարցը միջազգայնացրել են, ու դա բավարար են համարում։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031