Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ամեն ինչ այդքան շուտ մոռացվում

Օգոստոս 29,2023 10:00

Օգոստոսի 17-ին վարչապետ Փաշինյանն ինքնաթիռով վայրէջք կատարեց Կապանի օդանավակայանում, եւ այդ այցելությունը գովազդվում էր որպես այս իշխանության հերթական «խոշոր նվաճում»՝ Երեւան-Կապան չվերթները պետք է դառնային կանոնավոր: Դա, սակայն, տեղի չունեցավ եւ, ինչ էլ հայտարարվի պաշտոնապես, հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական զինուժն այդ չվերթին խոչընդոտում է: Հավատարիմ մնալով «խաղաղության օրակարգին»` Հայաստանի իշխանությունները չեն ապահովում այդ թռիչքների անվտանգությունը, հրաման չեն տալիս ճնշելու համապատասխան կրակակետերը: Պարզ է՝ «հո դրա համար պատերազմ չե՞ն սկսի»:

Բայց հետաքրքիրը դա չէ: Առավել ուշագրավն այն փաստն է, որ «չվերթ բացելու» վերաբերյալ Հայաստանում առանձին ուրախություն չէր նկատվում, լուրը մի տեսակ աննկատ անցավ՝ չնայած այդ օդային կապը մեզ համար շատ կարեւոր է: Չվերթի չեղարկումը նույնպես քչերին հետաքրքրեց: Թերեւս, միայն նրանց, ովքեր տոմս էին գնել եւ ոչ մի տեղ չէին թռել:

Բացատրությունը ես տեսնում եմ ժամանակակից լրահոսի առանձնահատկությունների մեջ: Լինի սոցցանց, թե լրատվական կայք, սպառողը պարզապես թերթում է այն, scroll է անում, եւ ըստ որոշ հետազոտությունների, հիշողության մեջ է մնում ինֆորմացիայի առավելագույնը 18-20 տոկոսը: «Ադրբեջանցիներն առեւանգել են արցախցի երիտասարդի», «Քննչական կոմիտեի պատուհանից դարձյալ կասկածյալ է ցած նետվել», «Մեգաաստղ՝ ռեփեր Գուգուշը վերջապես հասարակությանը ներկայացրել է իր նոր ընկերուհուն (ֆոտոշարք)», «Երեւան-Կապան չվերթը նորից չեղարկվել է», «Դեռահասների մոտ թմրանյութի խմբաքանակ է հայտնաբերվել»:

Այդ վերնագրերը սահում են մեր աչքի առաջ, եւ սովորաբար դժվար է որոշել, թե որն է դրանցից ավելի կարեւորը, որն է ազդեցություն ունենալու մեր կյանքի վրա, որը՝ ոչ: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծամասնությունը scroll է անում այդ ժապավենը ոչ թե ինչ-որ բան իմանալու նպատակով, այլ պարզապես զվարճանալու, ժամանակ սպանելու համար: Հատկապես երիտասարդները շատ արագ ձանձրանում են որեւէ գիրք կարդալուց, նյութ ուսումնասիրելուց, դասախոսություն լսելուց, նույնիսկ պարզապես սնվելուց, եւ արագ իրենց ձեռքն են վերցնում հեռախոսը՝ հեշտ հաճույքի, դոֆամինի իրենց բաժինը ստանալու համար: Իսկ «հեռախոսի մեջ» ամեն ինչ խառնված է եւ … ամեն ինչ շատ արագ է մոռացվում:

Լուծումը ես, բնականաբար, տեսնում եմ նպատակաուղղված աշխատանքի մեջ՝ այն մարդկանց, որոնք ի վիճակի են հասարակությանը կրթել, դաստիարակել, լուսավորել: Այստեղ մեծամտության, սնոբիզմի համար տեղ չպիտի լինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031