ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է.
Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը և ավելի քան երկու տասնյակ խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի, անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:
Հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներում:
Հուշագիրը եզրակացնում է որ Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով:
Կարդացեք նաև
Կից՝ հուշագիրն ամբողջությամբ՝ անգլերենով և հուշագրի (Executive Summary)-ի հայերեն թարգմանությունը.
Հուշագրի նպատակը (Statement of Purpose)
Այս հուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներում:
Ընդգծենք, որ այս հուշագիրը չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կոնկրետ արդյունքի ջատագովություն: Դա որոշելը բանակցող կողմերի ու նախևառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է:
Ամփոփագիր (Executive Summary)
Ներկայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար բանակցություններ են ընթանում, որոնք մի կողմից հյուրընկալում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, մյուս կողմից՝ Ռուսաստանը:
Բանակցությունների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պաշարման դադարեցում, 4) կալանավորված անձանց և ռազմագերիների ազատ արձակում ու անհայտ կորածների խնդրի հասցեագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն և իրավունքներ։
Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համահունչ երկարատև խաղաղություն հաստատելու համար օրակարգում պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգության և իրավունքների» քննարկումները՝ ինքնորոշման իրավունքի համատեքստից և շրջանակից դուրս, ինչը նախատեսված է ներկայիս օրակարգով, արժեք չունեն և պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման համատեքստում։
Ինքնորոշման սկզբունքը հստակ ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձևերում և միջազգային պայմանագրերում ու վերահաստատվում է Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաև տարածաշրջանային և ներպետական դատարանների տարբեր որոշումներում:
Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացվել ներքինից՝ ավելի մեծ պետության շրջանակում ինքնավարության միջոցով կամ արտաքինից՝ նոր պետություն ստեղծելու միջոցով։ Թեև տարբեր տեսակետներ կան, թե արտաքին ինքնորոշումն արդյոք ներառում է անջատում հանուն փրկության սկզբունքը, բայց որևէ հակասություն չկա, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին:
Որպեսզի խումբն ունենա իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիվ որոշելու իրավունք՝ այն պետք է ունենա ինքնության կենտրոն, որը բավարար է նրան որպես ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրավունքի իրացման համար:
Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապված ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկվելով քաղաքական ոտնձգության՝ այս տարածքը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ տարածքում իրականացրել է արդյունավետ և օրինական կառավարում:
1991 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետև՝ 1991 թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենքը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կտրվի «զրո կարգավիճակ»:
Ադրբեջանը հայերի ինքնորոշման իրավունքը ժխտելու երկար պատմություն ունի, և ամեն ինչ վկայում է այն մասին, որ առանց միջազգային հանրության հովանու ներքո բանակցվող համակողմանի և արդյունավետ մեխանիզմների՝ կիրարկման էական գործիքակազմով, ոչ միայն կմերժվի այդ իրավունքը, այլև Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կշարունակի ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և բռնի տեղահանության։
Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հենանիշ, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով: