«Երեւանի ընտրված քաղաքապետը չպետք է դառնա ներքաղաքական խարդավանքների զոհ պետք է կարողանա լիարժեք իրականացնել քաղաքապետի լիազորությունները»,-«Արդար Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուներն ու կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանն այսօր Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի էին։
Շրջելով Նոր Նորքի փողոցներով ու շփվելով քաղաքացիների հետ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող այս կուսակցության թեկնածուները հայտարարում էին՝ մենք ունենք երիտասարդ, պրոֆեսիոնալ, կարողունակ ներուժ ունեցող քաղաքական թիմ, մենք վճռական ենք մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։
Նորայր Նորիկյանը ներկայացրեց կուսակցության գույքագրած Երեւանի հիմնական խնդիրները՝ հանրային տրանսպորտ, վտանգավոր երթեւեկություն, կաթվածահար խցանումներ, կայանատեղիների բացակայություն, քարե ու մետաղյա ավտոտնակներ, աղբահանություն եւ աղբի վերամշակման համակարգ, կանաչապատ տարածքների, անտառների, այգիների ու բուսականության սակավություն, ապօրինի շինարարություն, բնակարանային ֆոնդի բարելավում, ճանապարհների ոչ բարվոք վիճակ, երկրորդական փողոցներում գիշերային լուսավորության բացակայություն, փողոցային առեւտուր, թափառող շներ եւ այլն։
Կարդացեք նաև
Այս կուսակցության թեկնածուները Նոր Նորքի փողոցներում հանդիպեցին ե՛ւ թափառող շների, ե՛ւ փողոցային առեւտրի։
Փողոցային առեւտուր իրականացնողների հետ Նորիկյանը զրույցի բռնվեց։ Առևտրականները բողոքեցին, ասացին, որ քաղաքային իշխանությունը թեեւ երկրորդական փողոցներում շուկայի տարածք է հատկացրել, բայց մարդիկ այդ շուկայից չեն օգտվում, իրենք այդտեղ առեւտուր գրեթե չեն անում։
Մի կին էլ դժգոհեց, որ փողոցում առեւտուր անելու համար 300 հազար դրամ տուգանել են, ապա դիմեց Նորիկյանին՝ ակտերս, պարտքերս մարեք, գամ ձեզ ընտրեմ։ Նորիկյանը քաղաքացու պարտքը մարել չխոստացավ, բայց խոստացավ արժանապատիվ առեւտուր անելու համար արժանապատիվ պայմաններ ստեղծել։ Ընդ որում, կուսակցությունը նախընտրական ծրագրով խոստանում է վերջ դնել փողոցային առեւտրին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նորիկյանը զրույցի էր բռնվում փողոցում քայլող քաղաքացիների հետ, նրանցից լսում մայրաքաղաքի խնդիրները՝ տրանսպորտ, երթեւեկություն, փոշի ու աղտոտված քաղաք։
«Երեւանը դարձնել «Խելացի քաղաք», կանաչ ու այգի-քաղաք, վերափոխել Երեւանի կառավարման համակարգը, կերտել երեւանցու կերպար, վարել վատ սովորույթներից հրաժարվելու քաղաքականություն՝փողոցներում ու բակերում չթքել, աղբ չնետել, փողոցային առեւտրով չզբաղվել»,-կուսակցության նախընտրական ծրագրային խոստումներից են։
«Այս ընտրությունները մեր վերջնական նպատակը չեն։ Մենք գնալու ենք գլոբալ փոփոխությունների հետևից եւ, ի վերջո, հասնելու ենք մեր նպատակին»,-հայտարարում են «Արդար Հայաստանի» թեկնածուները։
Ամփոփելով քարոզարշավի 6-րդ օրը, Նորիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այս օրերին քաղաքացիների մոտ ընտրական գործընթացի նկատմամբ հետաքրքրության աճ կա, չնայած, որ նրանք անորոշության մեջ են։ Նորիկյանի տպավորությամբ՝ քաղաքացիները կորցրել են վստահությունն ու հավատը պետական ինստիտուտների եւ քաղաքական ուժերի նկատմամբ, Հայաստանի ապագայի նկատմամբ․ «Փակուղային իրավիճակ է ստեղծվել, մարդիկ վիրավորված են։ Այս առումով դժվար է այսօր շփվել երեւանցիների հետ, բայց ես խնդրում եմ երեւանցիներին դուրս գալ այս հոգեբանական ծանր վիճակից։ Դիմում եմ գործող իշխանություններին՝ սթափվե՛ք, ձեր ֆեյսբուքյան լայքերի եւ ֆեյքերի Հայաստանը որեւէ աղերս չունի իրական Հայաստանի հետ։ Որպես քաղաքացի եմ ասում՝ ՔՊ-ն Երեւանում չունի այն հեղինակությունը կամ այն քաղաքական ազդեցությունը, որը ներկայացվում է, իսկ Տիգրան Ավինյանը որպես անհատ, որպես պետական գործիչ ու քաղաքապետի թեկնածու ընդհանրապես որեւէ ընկալում չունի քաղաքացիների մոտ»։
Նորիկյանը հիշեցրեց՝ այսօր քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքային իշխանությունը հայտարարել է, թե գլխավոր նպատակն է ներդնել տրանսպորտի տոմսային միասնական համակարգ, մինչդեռ իշխող ուժը Երեւանի 2018- 2023 թվականների զարգացման ծրագրով էր այս խոստումը տվել ու ամրագրել փաստաթղթով։
Մանրամասները՝ տեսանյութում
«Գործող ու նախկին իշխանությունների միջեւ որակական ոչ մի տարբերություն չկա, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է, մեկը մյուսի գոյության երաշխավորն է, ուղղակի՝ նախկիների օրոք աղմուկն էր շատ, այսօր նույն գործընթացն անաղմուկ է ընթանում»,-ասաց Նորիկյանը։
Քաղաքապետի թեկնածուի կարծիքով՝ բարոյական կլիներ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» հաշվետվություն ներկայացներ, թե ինչ է արել հինգ տարիներին, ինչո՞ւ չեն կատարել իրենց տված խոստումները, ինչո՞ւ չեն կառուցել 33-րդ թաղամասը, Հին Երեւանը, Երեւան-Զվարթնոց օդանավակայան նոր երթուղին, ինչո՞ւ չեն կառուցել Կոնդն ու Հրազդանի կիրճի կամուրջ եւ այլն։
«Խոստացել էին Երեւանում նոր ճոպանուղային ցանց, նոր տրանսպորտային համակարգ, աղբի վերմշակման համակարգ։ Օրերս Նուբարաշենում էի, ամոթ է, որ 21-րդ դարում Երեւանի բնակիչը ապրում է առանց աղբի վերամշակման համակարգի։ Իշխող ուժը հինգ տարում նույնիսկ փողոցային առեւտրի հարց չկարողացավ լուծել»,-ասաց Նորիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ