«5 ձայն մեր ընտանիքից ունես»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանում մոտենալով«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին՝ ասաց բնակիչներից մեկը:
Մեկ ուրիշ բնակիչ հորդորեց ընտրատեղամասերում ձայներին տեր կանգնել՝ ասելով. «Ես ընտրական հանձնաժողովում շատ եմ եղել, էս վերջում՝ անցած անգամ, այնպես կեղծեցին, ես չկարողացա դեմն առնել: Այնպես կեղծեցին, երեւի 200 ձայն լցրեցին»:
Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Դա եղել է, որովհետեւ մենք չենք մասնակցել: Չեն կարողանալու: Մենք մի ձայնով հաղթում ենք, դա նշանակում է՝ չենք թողել կեղծեն: Մեր վստահված անձինք անգիր գիտեն որ պահին ինչ պետք է անեն, դուք վստահ եղեք, կասկած չունենաք»:
Քաղաքացին ասաց. «Ախր այնպես կեղծեցին, իմ աչքերը թռան վերեւ, մինչեւ այդ կարուսել էր ֆռացել, բան…բայց այնպես կեղծեցին…»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանն ասաց, որ 475 ընտրատեղամաս է,ամեն տեղ երկուական վստահված անձ է գնալու՝ մեկը մյուսին փոխարինելով, հաշվարկին ներկա են լինելու մեր ավագանիները, չկասկածեք»:
Բնակիչն ասաց, որ հանձնաժողովներում բոլորը ՔՊ-ի մարդիկ են, ինչքան էլ փորձել է ընդդիմանալ, չի ստացվել:
Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ ընտրախախտումների ականատես է եղել 2021-ի խորհրդարանական ընտրություններին. «Մեկը կար՝ ասեց՝ եթե դու համը հանես, ստեղից չես գնա տուն: Կարո էր անունը՝ մորուքավոր: Այն ընտրատեղամասում էր, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր ընտրում: Ես չկարողացա դեմն առնել: Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը առաջ մենք էինք ընտրում մի 8 հոգով, էս վերջում պատրաստի գալիս էին նախագահ, քարտուղար՝ իրանց կազմով, նստում էին այդտեղ: Մեկ-երկուսը թե ընդդիմություն լինի մնացածը սաղ կաշառված էին, ո՞ւմ դեմն առնես, սաղ կեղծիքն այդտեղ եղավ»:
Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարական բաստիոնում այլեւս ընտրությունները չեն կեղծվում՝ նա պատասխանեց. «Պոպուլիստ Նիկոլ Փաշինյանին մտածված էն գլխից բերել են, այդպես էլ պիտի լիներ: Խոսակցություն է գնում, թե նախկինները: Արա, նախկինները թալանե՞լ են, հա, բայց գնացել են, նրանք ռուսի հետ լեզու են գտել, ռուսը չէր թողնում թուրքը մտներ Կովկաս: Հիմա ոչ դաշնակից ունենք, որեւէ պետություն մեզ չի պաշտպանում»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ