Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիները առեւանգեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան մեկնող երեք հայ երիտասարդի»․ Երեւանում երիտասարդները ակցիա են անում ՌԴ դեսպանատան առջեւ

Օգոստոս 28,2023 22:02

Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի բուհերում ուսումնառության մեկնող արցախցի երեք հայ երիտասարդների առեւանգման մասին լուրը պաշտոնապես հաստատվելուց հետո Երեւանում երիտասարդներն ինքնաբուխ հավաքվել էին ՌԴ դեսպանատան առջեւ։

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տարածած տեղեկատվության, 22-ամյա Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները անհայտ ուղղությամբ տարել են ուժի կիրառմամբ եւ հարկադրանքի միջոցով, իսկ  Վահե Հովսեփյանն ու  Լեւոն Գրիգորյանը, որոնց անունները եղել են ռուս խաղաղապահների ցուցակում, սահմանը չեն հատել, սակայն նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Երեւանում երիտասարդները պահանջում են, որ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը դուրս գա եւ բացատրություն տա, թե ինչպես է պատահել, որ ռուս խաղաղապահների ուղեկցության պայմաններում ադրբեջանցիները կարողացան անհայտ ուղղությամբ տանել հայ տղաներին, ու ռուս խաղաղապահները չկարողացան այդ առեւանգումը կանխել, թույլ չտալ։ «Այս անգամ Կարմիր Խաչը չի եղել, որը զենք չունի, ուղեկցողը եղել է ռուս խաղաղապահ զորակազմը։ Նրանք են ուղեկցել նախօրոք համաձայնեցված ցուցակով մարդկանց, եղել նրանց անվտանգության պատասխանատուն։ Պահանջում ենք, որ նրանք վերադարձնեն մեր եղբայրներին, դա լինի բանակցություններով, թե ուժի կիրառմամբ»,-ասում են ակցիայի մասնակից երիտասարդները, որոնք փակել են Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկը։

Երիտասարդները իրենց տարեկիցներին հրավիրում են՝ մասնակցելու ակցիային։ «Սա մեկ ընտանիքի խնդիր չէ, սա ամբողջ Արցախի ու ամբողջ Հայաստանի խնդիրն է։ դեռ ամիսներ առաջ մենք բարձրաձայնում էինք, որ այս ապօրինի անցակետը դառնալու է չակերտավոր հանցագործներ բռնելու, «ռազմական հանցագործներ» կալանավորելու բիրտ գործիք թշնամու համար։ Այո, թշնամու, որովհետեւ քո հարեւանը, որի հետ ուզում ես խաղաղ ապրել, չի կարող բռնել, առեվանգել ու առանց որեւէ հիմքի անհայտ ուղղությամբ տանել քո հայրենակցին։ Ես կոչ եմ անում Հայաստանի հանրապետությունում գտնվող բոլոր արցախցի ուսանողներին, եկեք, միացեք մեզ, ձեր հետ բերեք ձեր բոլոր համակուրսեցիներին։ Սա բոլոր ուսանողների խնդիրն է, այս թակարդը կախված՝ սպասում է բոլորին»,- ասաց Լիանա Պետրոսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031