Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական անշարժ գույքը գրեթե գումար չի բերում, եթե դա վարկով է, վարկը հազիվ փակում է այդ անշարժ գույքը»․ Հայկ Մարությանը՝ իր՝ վարձով ապրելու մասին

Օգոստոս 28,2023 21:33

Աջափնյակում քարոզարշավի ընթացքում Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին լրագրողներն ասացին՝ հնարավոր չէ հավատալ, որ Հայկ Մարությանը ապրել է վարձով՝ նայելով նրա հայտարարագրին։ Քաղաքապետի թեկնածուն էլ պատասխանեց․ «Դա իրականություն է։ Ներկայացման մեջ պատմել եմ այն, ինչ կա։ Փաստ է։ Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ բոլոր անշարժ գույքերը ձեռք եմ բերել մինչև 2018 թվականը՝ իմ պաշտոնը ստանձնելը իմ աշխատանքով։ Փառք Աստծո, մեր ժողովուրդը տեսել է։ Անշարժ գույքերն էստեղ չեն, էստեղի՝ իմ անշարժ գույքը տվել եմ վարձով, որ կարողանամ այն ծախսերը հոգալ, որը մեզ ամսական պետք էր»։

Հարցին՝ անշարժ գույքերից եկամուտ չունե՞ք, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Եվրոպական անշարժ գույքը գրեթե գումար չի բերում, եթե դա վարկով է, վարկը հազիվ փակում է այդ անշարժ գույքը։ Ակնկալել ինչ-որ գումարներ, չի կարելի»։ Լրագրողներն էլ կես կատակ կես լուրջ հետաքրքրվեցին՝ մնացել եք չոր աշխատավարձի հույսի՞ն, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Այո, մնացել եմ չոր աշխատավարձի հույսին»։ Դիտարկմանը՝ բա ինչո՞ւ իրեն պարգևավճար չէր նշանակում, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Իմ սկզբունքներից դուրս են պարգևավճարները։ Տեխնոկրատին պարգևավճար տալը կարելի է, նա մասնագետ է, աշխատում է, եթե մի քանի ամիս լավ է աշխատել, կարելի է, բայց հեղափոխականները մարդիկ են, որոնք հեղափոխություն են արել,  երբ գալիս են իշխանության, իրավունք չունեն վերցնելու պարգևավճար։ Չեն կարող մյուս օրվանից ավելի լավ ապրել, քան ժողովուրդը։ Միայն հեղափոխականները։ Իմ մասով այդպես է եղել։ Ես այս ընթացքում իմ աշխատանքով ավելի մեծ գումար եմ աշխատում, քան երբ քաղաքապետ էի»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք նորից ուզում քաղաքապետ դառնալ, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք ծառայել մեր Երևանին։ Մարդը, որը մի փոքր սիրում է իր քաղաքը, իր համար  դա զարմանալի չէ։ Զարմանալի է այն մարդկանց համար, որոնց համար մեկ է։ Մենք մեր որոշումը կայացրել ենք, ժողովուրդը կորոշի՝ մեր ծառայությունից օգտվում է, թե՝ ոչ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031