«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Շենգավիթ վարչական շրջանում:
Լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ասաց, որ քարոզարշավների ժամանակ մարդկանցից դրական արձագանք են ստանում, որովհետեւ նրանք հասկանում են, որ այս լարված իրավիճակում անցնցում իշխանափոխությունը լավագույն լուծումն է. «Մենք առաջարկում ենք մեզ հետ միասին ապագան փոխել, որովհետեւ մենք գիտենք ինչպես»:
Հարցրեցինք՝ ՔՊ թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում էր, որ արձակուրդ են վերցրել՝ քարոզարշավի համար, բայց այսօր քաղաքապետարանում նա խորհրդակցություն է անցկացրել, սա ինչպե՞ս եք բացատրում՝ մեծ ցանկությա՞մբ աշխատելու, թե՞ դա խախտում եք դիտում՝ նա պատասխանեց. «Այս ծավալի վարչական ռեսուրս ես երբեւէ չեմ տեսել, որ օգտագործվի: Ես մասնակցել եմ տարբեր քարոզարշավների, ականատես եմ եղել վարչական ռեսուրսի տարբեր չարաշահումների, այսպիսի բան ուղղակի գոյություն չի ունեցել: Դրանով հանդերձ մենք հաղթելու ենք, որովհետեւ վերջնական որոշողը մեր քաղաքացին է, ով գնալու է ընտրության եւ նաեւ հենց այդ պատճառով է իրենց պատժելու՝ ընտրելով թիվ 13 քվեաթերթիկը: Սա պատժի գործիք է իրենց: Անամոթաբար վարչական ռեսուրս են չարաշահում, հետո դա բացատրում են, արդարացնում են նման «տրյուկներով», թե իբր աշխատանք ենք անում: Ես ասել եմ ու կասեմ՝ որեւէ այլ փոխքաղաքապետի որեւէ մեկը չի ճանաչում, դա ի՞նչ է, որեւէ մեկը չի՞ աշխատում: Հեռացրեք աշխատանքից բոլորին, ոչ թե բոլորով զբաղվեք մեկ հոգու քարոզարշավով: Սա երեւանցու գրպանից, ՀՀ քաղաքացու գրպանից իրենց քարոզարշավի բյուջեին է գնում միայն, ամոթ է: Վարչական ռեսուրսը չափ ունի: Մեր քաղաքացին պիտի գնա ընտրատեղամաս ու հենց դրա համար պատժի իրենց»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կառավարությունը ընտրություններից առաջ 10 մլրդ դրամ է հատկացրել Երեւանի քաղաքապետարանին, որեւէ ժամանակ նման չափի հատկացում չի արվել պետբյուջեից Երեւանին, ինչո՞ւ ՔՊ-ի մրցակից լինելով՝ չեք խոսում այդ մասին՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Հարցը խոսելը կամ չխոսելը չէ: Մենք փաստերով ապացուցում ենք, որ այս իշխանությունը աննախադեպ ռեսուրս է օգտագործում վարչական, ֆինանսական, որովհետեւ չունեն ո՛չ մտավոր, ո՛չ որակյալ մարդկային ռեսուրս: Այո՛, այդպես են վարվել եւ այո՛, եթե որեւէ մեկ այլ համայնք դիմեր կառավարություն պահուստային ֆոնդից հատկացման համար, չէր ստանալու, որովհետեւ պահուստային ֆոնդը նախատեսված է հրատապ, չնախատեսված ծախսերի համար: Իսկ այս պարագայում արել են շարքային, հերթական ծրագրեր, որոնք որեւէ հրատապություն չունեն: Օրենքի խախտո՞ւմ է՝ ոչ, բայց չարաշահում է՝ իշխանության վարչական ռեսուրսի: Այս չարիքի իշխանությունը ամեն բան չարաշահում է եւ մարդը պիտի դա տեսնի ու գնահատի: Այն ժամանակ խոսում էին ընտրակաշառքների մասին, այս իշխանությունը ուղիղ թոզ է փչում մարդկանց աչքերին եւ փորձում է կեղծիքը իրականության տեղ վաճառել: Այս տարվա գործունեությունը՝ շինթույլտվությունները աննախադեպ ծավալի, բոլորը ուղղված են զուտ քարոզչական փուչիկի, սա մարդկանց գրպանից Ավինյանի քարոզչությանն է ուղղվում ու մարդիկ դա հասկանում են: Այստեղ հիմարներ ու միամիտներ չկան, դրա ժամանակներն անցել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ