«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք անցկացրեց Նորք-Մարաշ վարչական շրջանում։ «Ցավոք սրտի, ունենք խնդիրներ, որոնք ենթադրաբար նախորդ դարում պետք է լուծած լինեինք, ասենք, օրինակ, կոյուղու խնդիրը։ Այս տարի Երեւանի քաղաքապետարանը տարբեր վարչական շրջաններում երեւանցիների պահանջով մոտավորապես 15 կմ նոր կոյուղի է կառուցում։ Այս տարվա փետրվար ամսին Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 23 շենքի բնակիչներն ինձ ասացին՝ եղբայր, 40 տարի է՝ կոյուղին լցվում է մեր շենքի նկուղ, արի տանենք ցույց տանք։
Ես խելոք, հնազանդ գնացի մտա էդ նկուղ ու տեսա, որ իրապես վտանգավոր մի իրավիճակ է, նկուղները ամբողջապես կոյուղով լցված։ Երեք օր առաջ էինք այնտեղ, արդեն ավարտում էինք կոյուղու աշխատանքները։ Կրկին ասեմ՝ այն, ինչ դուք մեզ կհանձնարարեք, այն, ինչ դուք մեզանից կպահանջեք, դա դառնալու է մեր ծրագիրը, եւ այս մեր կարգախոսը արհեստական կարգախոս չէ, այս կարգախոսը ծնվել է այն աշխատանքից, որը մենք իրականացրել ենք»,- հայտարարեց Ավինյանը։ Նա խոստացավ, որ Նոր-Մարաշում նույնպես մինչեւ հունվար ամիսը տրանսպորտի հարցը օրակարգից դուրս է գալու։
Ավինյանը Նորք-Մարաշում եւս կրկնեց, որ այսօր Երեւանում հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, ինչը, նրա խոսքով, աննախադեպ թիվ է։ «Հաջորդ տարի պլանավորում ենք 33-ը, 2025 թվականին պլանավորում ենք 35-ը։ Այդ պլանով 2025 թվականի վերջին Երեւան քաղաքում մեր բոլոր երեխաները, ովքեր գնում են համայնքային մանկապարտեզներ, գնալու են ամենալավ, ամենաբարեկարգված մանկապարտեզները։ Նույն տրամաբանությամբ ահռելի քանակի սպորտդպրոցներ ենք կառուցում, պոլիկլինիկաներն ենք հիմնանորոգում»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը հավելեց, որ Երեւան քաղաքը դարձել է մի մեծ շինհրապարակ, «բայց այդ աշխատանքը լավ աշխատանք է»։ «Միայն այս տարի Երեւան քաղաքում հիմնանորոգվում է 215 բակ։ Համեմատության համար ասեմ՝ դրանից առաջ չորս տարվա գումարային աշխատանքները 110-ի մոտ էին։ Այսինքն՝ Երեւան քաղաքում հիմա իրականացվում են ահռելի ծավալի աշխատանքներ»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ավինյանը նաեւ ասաց, որ վարչական շրջանների ղեկավարների նշանակումները արել են՝ մի կարեւոր սկզբունք պահպանելով՝ ամեն թաղապետ իր վարչական շրջանում է ծնվել ու մեծացել։ «Ամենակարեւոր բանը, որ ուզում եմ ձեզ ասել՝ պահանջեք մեզանից, հանձնարարեք մեզ, մենք ծառայում ենք ձեզ։ Մեր օրակարգը դուք եք թելադրում, եւ մենք մեր ծառայությունից հաճույք ենք ստանում այն ժամանակ, երբ այդ ընդհանուրի պահանջը կարողանում ենք բավարարել։ Հենց տեսնում ենք, որ ունեցանք արդյունք, դրանից ավելի մեծ ուրախություն իմացեք մեզ համար չկա»,- հայտարարեց նա։
Տիգրան Ավինյանը հավելեց․ «Դեռեւս 2017 թվականին մենք ասում էինք, որ Երեւան քաղաքում հուսահատության գազելներ չպիտի լինեն, եւ բարեբախտաբար օգոստոսի 15-ին վերջին գազելի դուռը փակեցինք, ճանապարհեցինք։ Սա մեր կարեւոր խոստումներից մեկն էր, որը շատ վաղուց պետք է լուծված լիներ։ Իհարկե, ունենք նոր գազելներ մի 100 հատ, որոնցից 40-ը չեն աշխատում, որոնք նույնպես նախատեսված չէին մեր տրանսպորտային ցանցում։ Բայց ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այդ գազելներն ենք փոխելու, էն մանուշակագույն Higer-ներն ենք փոխելու։ Ամենակարեւորը, Կենտրոնից մի նոր գիծ պետք է բերենք Նորք-Մարաշ, տրանսպորտի ավտոպարկն անընդհատ փոխելու ենք, 250 էլեկտրական ավտոբուս ենք բերելու։ Եվ տրանսպորտի ոլորտում ամենակարեւոր փոփոխություններից մեկը լինելու է այն, որ մենք ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, որը մեզ թույլ է տալու ավտոբուս փոխելուց կրկնակի չվճարել»։
Նա նաեւ նշեց, որ ավտոբուսների համար առանձնացված գծերը Երեւանում ավելանալու են։ «Մենք էլ կամաց-կամաց, եթե իհարկե, մեր չիները, պագոնները չպոկվեն, մեր ավտոներից կարող ենք տեղափոխվել լավ, որակյալ, գերմանական օդափոխությամբ ավտոբուսների մեջ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ բնական է, որովհետեւ Երեւան քաղաքում ավտոների քանակից խեղդոց է։ Ավտոների քանակը ավելացել, ավելացել է, այդքան տեղ չենք անում։ Մեզ պետք է հնարավորինս գնալ դեպի հանրային տրանսպորտ, գնալ դեպի մետրո եւ այս միասնական տրանսպորտային համակարգը դարձնել մեր հիմնական փոխադրամիջոցը»,- նշեց նա։
Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը՝ նա նշեց․ «Ես արդեն մեկ տարի է՝ խոսում եմ, զգում եմ, որ թերահավատություն կա, չնայած 2018 թվականին, երբ ասում էինք՝ 500 կմ ճանապարհ ենք սարքելու, ոչ մեկի մոտ թերահավատություն չկար։ Բոլորն ասում էինք՝ հա, կսարքեք, նորմալ է, բայց որ ասում ենք՝ մետրոյի կայարան ենք սարքելու, ասում են՝ չէ, չեք կարա սարքեք, 2008 թվից դա ենք լսում։ Հա, բայց իրականում արդեն ամենակարեւորն արդեն արել ենք, մենք պատվիրել ենք նախագիծը, այս տարվա վերջին ունենալու ենք մետրոյի կայարանի կառուցման նախագիծը, հաջորդ տարվա համար էլ մոտ 45 մլրդ դրամ գումար ենք նախատեսել, որ այս նախագիծը դնենք մրցույթի, մեկը գա հաղթի, մյուս տարի սկսվի շինարարությունը։ Հետեւաբար, Աջափնյակի կայարանը կառուցելու ենք, եւ սրանք ուղղակի խոսքեր չեն, ես վստահորեն հայտարարում եմ։ Ես կառուցման հիմնարկեքին գնալու եմ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ