Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Այս առնչությամբ Aravot.am-ը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է ձեր գնահատականը եւ ինչպե՞ս է հնարավոր կանխել նման դեպքերը: Նա պատասխանեց. «Երբ որ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են այն մասին, որ՝ դե, դա արդեն մոտավորապես Ադրբեջանի ներքին գործն է, ստացվում է, որ այստեղ զբաղված են խրախճանքով, իսկ այնտեղ մեր հայրենակիցներին առեւանգում են: Հետեւաբար, ոչ խոսելու, ոչ ասելու տեղ են ունենում: Մենք մի ուժ ենք, որ խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին եւ խոսելու ենք, որովհետեւ դա միջազգայնորեն ճանաչված իրավունք է եւ դա ծագել է այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը արդեն իսկ չի կարողացել համատեղել իր կենսագործունեությունը՝ ինքնավար մարզ լինելով Սովետական միության ժամանակ Ադրբեջանում: Հետեւաբար, այս ամենը պիտի մենք կարողանայինք պաշտպանել, ներկայացնել: Ձախողել են ամեն բան, հիմա էլ խորացնում են ու փորձում են փակել բոլոր հնարավորությունները, թույլ չենք տալու: Երեւանցին էլ թույլ չի տալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ