Երկու օր է՝ գյումրեցի օգտատերերի կողմից համացանցում ակտիվորեն տարածվում են Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի լուսանկարները․ թատրոնը նոր դիմապակիներով է, շենքի կենտրոնական հատվածում ավելացել է թատրոնի անունը։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունն ապրիլին 34 միլիոն դրամ է հատկացրել դիմապակիները փոխելու համար, դրանք գրեթե պատրաստ են։
Կարդացեք նաև
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի զրույցում ասաց․ «Յուրաքանչյուր տարի թատրոնը փորձում է նոր թատերաշրջանը տոն դարձնել, ու այդ տոնն ավելի շատ արտահայտվել է ներկայացումների տեսքով։ Ամեն անգամ թատերաշրջանը կարևորվում էր նրանով, որ թատրոնն ունենում էր մի քանի առաջնախաղ։ Այս տարի մի քիչ տարբեր կլինի․ թատերաշրջանը կբացվի թատրոնի շենքի փոփոխությամբ։
Շատ առիթներ եմ ունեցել ասելու՝ ամենակարևորն այն է, որ թատրոնը հասարակությանը կներկայանա այլ կերպ, շենքն ամբողջովին վերափոխված, պատուհանները նորացված, թատրոնի անունը՝ փակցված։ Գիտեք, որ պատուհանները կառավարության աջակցությամբ փոխվեցին, իսկ տանիքը սարքվեց, անունը փակցվեց թատրոնի ուժերով»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նա նշում է՝ չկա մի գյումրեցի, որ չուրախանա թատրոնի տեսքի փոփոխությամբ։
Մեր հարցին՝ ինչպե՞ս եք դա զգում, Լյուդվիգ Հարությունյանը պատասխանեց․ «Ինձ հենց սա է ուրախացնում, որ գյումրեցիներն ուրախանում են թատրոնում կատարված ամեն մի փոփոխությամբ։ Եվ ֆեյսբուքում մեր համաքաղաքացիների արձագանքից եմ զգում, և փողոցներում են այս մասին խոսում։
Երկու օր առաջ, երբ թատրոնի անունը փակցրեցինք շենքին, տեսնում էի․ ով անցնում-դառնում էր, ուրախանում էր, հպարտանում։ Երբեմն քեզ չեն ճանաչում փողոցում, այդ օրը մի քանի տարեց մարդիկ մոտեցան, նրանցից մեկն ասաց՝ 40 տարվա մեջ հազիվ ֆայման թատրոնի անունը փակցեն։ Գյումրեցուն բնորոշ բան է, նաև դիտողություն են անում, թե ինչու չկա, երբ լինում է, ուրախանում են։
Եվս մեկ անգամ ես համոզվեցի, որ այս թատրոնը մեր չէ, այլ քաղաքինն է, հասարակությունը, ժողովուրդը թատրոնին սեփականության իրավունքով է վերաբերվում։
Երեկոյան ժամերին, երբ լուսավորությունը կա, պատուհանները դրված են, անունը գրված է, երբ տեսնում են վահանակներն են փոխվել, պաստառների ձևն է փոխվել, թատրոնն արտաքնապես նորովի է ներկայանում, իրենք ուրախանում են, նկարվում են, մեկը մյուսին ցույց են տալիս»։
Թատրոնի տնօրենը նշում է արտաքին լուսավորությունը դեռ քիչ է, փորձում են պղնձյա սյուները վերանորոգել, ներկել, լուսավորել։
Պատուհանների տեղադրումը դեռ ամբողջապես ավարտված չէ․ առաջին հարկի ճեմասրահում երկու պատուհաններ տեղադրելու ժամանակ վնասվել են, դրանք պետք է փոխվեն։
Մեր զրուցակիցը նշում է՝ շինարարությունը Շիրակի մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, անընդմեջ կապի մեջ են թե՛ մարզպետ Մուշեղ Մուրադյանի և թե՛ քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի հետ։
Լյուդվիգ Հարությունյանը նաև նշում է՝ հույս ունի մինչև նոյեմբեր թատրոնի շենքի երկրորդ հարկից կտեղահանեն Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը հետզհետե փչանում է։ Խոսք են տվել այն տեղափոխել, Լյուդվիգ Հարությունյանն էլ վստահ է՝ խոստումը կկատարեն։
Հիշեցնենք, որ այն վերականգնվել էր ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Քարհատմեքենա» գործարանի տարածքից տեղափոխվել թատրոնի շենք։ Սակայն տեղափոխելիս՝ վնասել էին թատրոնի շենքը, նաև թատրոնի պատուհանները։ Ջերմաստիճանային ոչ բավարար պայմաններում վնասվում է նաև որմնանկարը։
Թատրոնի երկրորդ հարկում՝ ճեմասրահում պահ տված որմնանկարը, սակայն, դիմապակիները փոխելուց առաջ չեն հեռացրել թատրոնի շենքից, որը մտահոգվելու լուրջ թեմա է։
Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում խոսեց նաև նոր ներկայացումների մասին։ Նա ասաց, որ 158-րդ թատերաշրջանում սպասվում է շատ հետաքրքիր, ինքնատիպ ներկայացում՝ հրավիրված ռեժիսոր Տաթև Մելքոնյանի կողմից։
«Հասարակությունը Տաթև Մելքոնյանին որպես ռեժիսոր գուցե քիչ գիտի, բայց որպես դերասանուհի՝ շատ լավ գիտի։ Շատ սիրված դերասանուհի է թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։ Երկուսով պայմանավորվեցինք, և նա իր աշխատանքները սկսեց մեր ստեղծագործական խմբի հետ։ Եվ ստեղծել է մի շատ հետաքրքիր ու արդիական ներկայացում, իհարկե Տաթևին բնորոշ, որովհետև բեմադրաճով, սցենոգրաֆիկ լուծումներով տարբերվում է։ «Շարքային թռչնակ» պիեսը սեպտեմբերի 29-ին և 30-ին կհանձնվի հանդիսատեսի դատին, գովազդային վահանակներն արդեն կան, ավելին ասեմ՝ թեև մենք արձակուրդում ենք, բայց տոմսերը վաճառվում են օն-լայն։
Շատ փակագծեր չեմ բացի, «Շարքային թռչնակը» պատերազմի հետևանքների մասին է, ոչ հայկական իրականությանն է վերաբերում, այն հոգեբանական դրամա է, երիտասարդների մասին է, ովքեր մասնակցել են պատերազմի և հետևանքներն են մնացել իրենց կյանքում, բարդույթների մեջ են։ Հայկական իրականության հետ բացարձակ կապ չունի, ամերիկացի գրող Ուիլյամ Ուորթոնն է, պիեսը «Թռչնակ» է կոչվում, բայց Տաթևի տարբերակում «Շարքային թռչնակը»։
Մանկությունից խնդիրներ ունեն, և երկու երիտասարդները փորձում են ձերբազատվել պրոբլեմներից, շատ հետաքրքիր, շատ ժամանակակից պիես է, իհարկե, առանցքը պիեսի պատերազմը չէ, այլ անցյալի հետևանքները, թե դրանք ինչպես կարող են ազդել։
Այն հոգեբանական դրամա է՝ 1 ժամ 10 րոպե տևողությամբ։ Իրավունք եմ ինձ վերապահում ասելու, որ բարձրաճաշակ ներկայացում է, Տաթև Մելքոյանը բարձր ճաշակ ունի։ Վերջնական փորձերն էի նայում, երբ աշխատանքը տեսա, մի պահ մտավախություն ունեցա՝ արդյո՞ք գյումրեցի հանդիսատեսը կընկալի, որովհետև բավականին բարդ նյութի մասին ենք խոսում, բավականին հետաքրքիր ու համարձակ մեկնաբանություն է տվել։ Հանդիսատեսը չի տեսնելու սովորական, իր պատկերացրած ներկայացումը՝ դասական մեկնաբանությամբ, դասական ձևավորմամբ։
Տաթև Մելքոնյանը նոր միտք ու նոր գեղագիտություն է բերել թատրոն, որի համար անչափ ուրախ եմ։ Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացումը գեղարվեստական խորհրդին հանձնել, թատրոնի խաղացանկում ևս մեկ բարձր որակի ներկայացում եղավ»։
Մեր զրուցակիցն ասաց՝ այնպես է բեմադրված, որ հնարավոր լինի խաղալ տարբեր լեզուներով՝ տարբեր երկրներում։
Լյուդվիգ Հարությունյանը նաև նշեց, որ շուտով որպես ռեժիսոր՝ ինքը քննություն կհանձնի հադիսատեսի առջև։ ԿԳՄՍ-ի աջակցությամբ կներկայացնի Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»։ Ըստ նրա, երկար ժամանակ թատրոնի խաղացանկում պատմական գործ չի եղել, նոյեմբերի վեջին կներկայացվի հանդիսատեսին։ Ըստ մեր զրուցակցի, այն բավական ծավալուն աշխատանք է՝ 50 դերակատարով։
Մինչև Ամանոր ևս մեկ ներկայացում կլինի Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում և մանկական շքեղ ներկայացում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի