Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլի՞ չեք հասկանում, որ վտանգված են Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Արարատը եւ դա մտածված բան է, որ այս վարչակազմը տանում է Երեւան քաղաք-պետության»․ Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 28,2023 20:00

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով գեներալներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու եւ կալանավայրերում պահելու մասին՝ ասաց․ «Թույլ տվեք մի զուգահեռ անցկացնել։

Ադրբեջանի նախագահը, փաստորեն, մեղադրում է բոլոր հայ  տղամարդկանց, որոնք ազգային ազատագրական պայքարի ժամանակ ինչ-որ մի տարիքի էին եւ մի մարդու պես մասնակցություն են ունեցել արցախցիների ազգային ազատագրական պայքարին եւ հաթաթա է տալիս, որ բոլորին բռնելու է, որ նրանք մեղավոր են, տեռորիստ են եւ այլն։ Դուք չե՞ք զգում օրվա իշխանության վերաբերմունքի նմանությունը այն անձանց վերաբերյալ, ովքեր ազատագրել են հայրենիքը։

Մենք հաճախ ասում ենք․ այստեղ կամ այնտեղ պայմանավորվածություն է եղել։ Սիրելիներս, դա խորքային պայմանավորվածություն է։ Ես 2018 թվականից ասել եմ, որ սրանք տգետ, միամիտներ չեն, որ սրանց ծրագրված բերել են մեր երկիրը հանձնելու։ Ես ոչ թե պայծառատես եմ, այլ գիտեի այդ խմբի առաջնորդի ամբողջ գաղափարախոսությունը, ինչը ինքը երբեք չի թաքցրել։ Նա տարիներ շարունակ բացեիբաց խոսել է իր վերաբերմունքի մասին Արցախի, Արցախի ազատագրման վերաբերյալ։

Նրանք, ովքեր հիմա ասում են, թե այն ժամանակ չգիտեին, թերթը չէին կարդում, տեղյակ չէին եւ պատերազմի հասցրել են նախկինները, լավ, այս հինգ տարվա մեջ այս իշխանությունից ի՞նչ են տեսել։ Մահաբեր, ամբողջովին ստի վրա կառուցված ելույթներ։ Տնտեսությունը բերել են մի աստիճանի ու գլուխ գովում, թե  ամբողջ եվրասիական միության մեջ Հայաստանը առաջին տեղն է գրավում շինարարությամբ։

Իսկ որտե՞ղ է այդ շինարարությունը։ Երեւանում կառուցվում է այնքան շենք, ինչքան այսօր իրենց պատմելով՝ գրեթե 60 տոկոսն է նախկին եղած բնակելի ֆոնդի։ Այսօր է՞լ չեք կարողանում հասկանալ, որ այս վարչակազմը տանում է քաղաք-պետության, որտեղ միայն թե ինքը մնա իշխանության մեջ եւ դրա համար Երեւանում կառուցում է երկրորդ Երեւանի չափ  շենքեր։ Էլի՞ չեք հասկանում, որ վտանգված են Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Արարատը եւ դա մտածված բան է, որ ասում են՝ խելք ունե՞ք, ձեր վրա կրակում են, հավաքեք ձեր իրերը, եկեք Երեւանում ապրեք։ Չեք հասկանո՞ւմ, թե ում համար է։ Մեր մոտ ծնելիության բում է՞ եղել։ Ոչ։ Մեր մոտ արտագաղթը գնալով զորեղ է դառնում։ Եվ բոլորը նրա համար է, որ դրսից հրավիրվեն այլազգիներ, ինչպես իրենք են ասում, պետք է լինի բազմազգ հանրապետություն։ Եվ երկրորդը, ովքեր ապրում են սահմանամերձ Հայաստանում, տեղափոխվեն Երեւան։

Սա քաղաք-պետության կայացման ճանապարհն է եւ այդ ճանապարհին այս վարչակազմի համար որեւէ բարոյական պատնեշ չկա»,-ասաց տիկին Ալավերդյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031