Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանը ողջունել է «Ներուժ 4.0» ծրագրի մասնակիցներին՝ հայրենադարձվելու ցանկության, Հայաստանում ընկերություն հիմնելու և աշխատելու նախաձեռնության համար

Օգոստոս 28,2023 18:02

 Ավարտվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 23-28-ը Դիլիջանում անցկացված «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը: Օգոստոսին 27-ին տեղի է ունեցել միջոցառման փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են ծրագրի հաղթողները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ողջունել է «Ներուժ 4.0» ծրագրի մասնակիցներին՝  հայրենադարձվելու ցանկության, Հայաստանում ընկերություն հիմնելու և աշխատելու նախաձեռնության համար: Նա շնորհավորել է հաղթող թիմերին և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին ծրագրին աջակցելու համար: Իսկ այն թիմերին, որոնք մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, նախարարի տեղակալը հորդորել է չհիասթափվել, այլ ջանքեր գործադրել իրենց տեխնոլոգիական և գործարար ներուժը իրագործելու ուղղությամբ:

«Ներուժ 4.0»-ի մասնակիցներին և հյուրերին ողջունել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ վերհիշելով «Ներուժ» ծրագրի ստեղծման պատմությունը, որի ակունքները հասնում են մինչև 2018 թվական: Նա պատմել է, որ ծրագրի հիմքում Հայաստանի և Սփյուռքի միջև երկկողմ փոխշահավետ համագործակցության մոդելն է: Այս համատեքստում նա ընդգծել է, որ իր պատկերացմամբ՝ Սփյուռքի կողմից իրական բարի գործը հայրենիքում աշխատող բիզնես հիմնելն է, ոչ թե պարզապես բարեգործություն անելը կամ սոցիալական պատասխանատվությունից ելնելով՝ Հայաստանում աշխատատեղեր պահելը, և «Ներուժ» ծրագիրը հենց դրա մասին է:

Մխիթար Հայրապետյանը նաև պարզաբանել է, որ այս տարի «Իմ քայլը» հիմնադրամը ակտիվ մասնակցություն չի ունեցել ծրագրին, քանի որ ՀՀ կառավարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ամբողջությամբ ստանձնել են «Ներուժ»-ի առաջնորդությունը և հաջողությամբ իրականացնում են ծրագիրը:

Մինչ միջոցառման փակման պաշտոնական արարողությունը՝ տեղի է ունեցել մասնակից թիմերի տեխնոլոգիական, նորարարական գաղափարների և նախագծերի շնորհանդեսը (փիչինգը), որի գնահատման հիման վրա նախապես ձևավորված հանձնաժողովը որոշել է ծրագրի հաղթողներին:

Այս տարվա ծրագրով հաղթող թիմերը, որոնք պետք է ստանան դրամաշնորհ Հայաստանում ստարտափ հիմնելու և իրենց կողմից ներկայացված գաղափարները կյանքի կոչելու նպատակով, որոշվում են երկու մակարդակում՝ գաղափարի փուլում գտնվող թիմեր և պրոդուկտ ունեցող թիմեր:

Հանձնաժողովի որոշմամբ՝ գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրել է «Propulsion Lab»-ը, 2-րդ տեղը` «Dynamica»-ն, 3-րդ տեղը` «Maestrolls»-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող է ճանաչվել «Waveye Inc» ընկերությունը, 2-րդ տեղը զբաղեցրել է «Parsl.ai»-ը, 3-րդ տեղը` «OQNI» ընկերությունը։

Նշենք նաև, որ ծրագրի մասնակիցներից «Starship Armenia» և «Tripanova» թիմերը համապատասխանաբար 3000 և 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ են ստացել «Rocket Systems» ընկերության կողմից, իսկ «Dynamica» և «OQNI» ընկերությունները խորհրդատվական աջակցություն կստանան «Saege Consultants» ընկերության կողմից՝ հանրային կապերի ռազմավարություն գրելու հարցում:

Դիլիջանում օգոստոսի 23-28-ն անցկացված «Ներուժ 4.0» ծրագրին մասնակցել է 22 թիմ աշխարհի 7 երկրից: 6-օրյա միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ժամանած թիմերը հնարավորություն են ունեցել լսելու ոլորտային բացառիկ դասախոսություններ, աշխատելու մենթորների հետ և է՛լ ավելի ներկայանալի դարձնելու իրենց շնորհանդեսները: Նրանք նաև հնարավորություն են ստացել ընդլայնելու իրենց համագործակցային ցանցը, փոխանակվելու գիտելիքներով և փորձով, ինչպես նաև շփվելու աշխարհի տարբեր երկրներից հրավիրված թիմերի հետ։

2018 թվականին մեկնարկած «Ներուժ» պետական ծրագրի նպատակն է խթանել Սփյուռքի մասնագիտական հայրենադարձությունը` նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է չորս միջոցառում՝ «Ներուժ 1.0»-ը՝ 2018 թ., «Ներուժ 2.0»-ը՝ 2019 թ., «Ներուժ 3.0»-ը՝ 2022 թ. և «Ներուժ 4.0»՝ 2023 թ.:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031