Վերջին ամիսներին Վայոց Ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի Հին Մարտիրոս գյուղի բնակիչները հարակից լեռներից մեկի բարձունքին հողային զգալի աշխատանքներ են նկատում։ Գյուղ մտնող հիմնական ճանապարհից աջ հանդեր են, հնձվող դաշտեր, այդ ուղղության վրա են նաեւ հայտնի Վիմափոր հրաշագեղ վանքն ու գյուղացիների սիրած Կաթնով աղբյուրը։ Հեռվում Գոգի լեռն է, որից ձախ գտնվող լեռներին էլ հենց ադրբեջանական հենակետ կամ հենակետեր են` ուղիղ գծով մոտ 10 կմ-ի վրա։ Հենց այստեղ են նշմարվում հողային մեծածավալ աշխատանքներ։
Ականատեսները պնդում են, որ անգամ մեծ հեռավորությունից նկատելի է, որ լեռան գագաթին ամրաշինական ինչ-որ գործողություններ են արվում, կիլոմետրեր ձգվող ճանապարհ է հարթվում, ըստ ամենայնի՝ նաեւ տեխնիկա ու զենք է կուտակվում։ Հորիզոնում նշմարվում է ճանապարհի գիծը։
Ժամանակին այստեղ հայկական դիրքեր էին, գյուղացիներն ամռանը հենց այս խիստ բարենպաստ վայր էին տանում ու 3-4 ամիս պահում կովի հոտը, տեղում էլ մեծ քանակով կաթնամթերք արտադրում։ Բայց 10 եւ ավելի տարի առաջ, ըստ գյուղացիների հիշելու եւ պատմածի, հայկական հենակետն ինչ-ինչ պատճառներով այստեղից իջեցվել էր։ Նույն տարում էլ ադրբեջանական հենակետ էր հայտնվել այստեղ, ինչի պատճառով գյուղացիներն արդեն տարիներ շարունակ խուսափում են այդտեղ հոտ տանել ու ամսով պահել, անվտանգ չէ։
Իսկ լեռների հետեւում Նախիջեւանն է` հայկական Գոգի (ներկայիս ադրբեջանական անունը Քյուքի) եւ Արմավաշեն (ադրբեջանական անունը՝ Ռամեշին) գյուղերը: Այս լեռներին հողային ու շինարարական, ճանապարհաշինական աշխատանքները մեկ ու միայն մեկ նպատակ կարող են ունենալ, վստահ են Հին Մարտիրոսի բնակիչները։ Այստեղ ամրացվում են դիրքեր ռազմական նպատակով. սրանք շատ բարենպաստ բարձունքներ են` դիտարկման տակ առնելու ոչ միայն այս ու հարակից գյուղերը, այլեւ մինչեւ գյուղեր տանող հիմնական մարզային ճանապարհը, որը հանրապետական նշանակություն ունի։ Ասում են` ողջ Վայոց ձորն է նշանառության տակ։
Կարդացեք նաև
Տեղանքին ծանոթ գյուղացիներից մի քանիսը պատմում են, որ մինչ այս վերջին աշխատանքներն արդեն այդ տարածքում ադրբեջանական ամուր հենակետեր կային։ Հիմա ի՞նչ նպատակով է ամրանում թշնամին, ասում են՝ դժվար չէ գուշակելը։ Սա Մետաքսի ճանապարհի կարեւոր հանգույց է, ռազմավարական առումով` կարեւոր բարձունք։ Ու այս պայմաններում մարտիրոսցիները հրատապ ու խիստ անհրաժեշտ են համարում գյուղին սահմանապահ համայնքի կարգավիճակ տալը։ Շեշտում են` ժամանակին շեն ու առատ այս համայնքում բնակիչ պահելու համար պետական աջակցություն է պետք, որ սոցիալական ծրագրերն այստեղ էլ հասնեն։ «Մարդիկ ասում են, որ այստեղ ոչ միայն հողն են պահում, այլեւ սահմանը։ Մարդկանց պետք է աջակցելով այստեղ պահել, որ սահմանին ամրացող թշնամին լույս տեսնի այս գյուղի տներում։ Մեր գյուղացիները հարց են բարձրացնում՝ ինչո՞վ է մեր գյուղի իրավիճակը տարբերվում մյուս համայնքներից, որ սա չեն համարում սահմանամերձ։ Թշնամու աչքը մեր գյուղի վրա է։ Միայն այս հենակետի պատճառով ավելի քան 100 հա տարածքում զգուշանում կամ խուսափում են անասուն պահել, հացահատիկ ցանել կամ պարզապես խոտ հնձել»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։
Մարտիրոս բնակավայրի վարչական ղեկավար Խալաթ Սողոմոնյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ գյուղի հետ կապված ոչ մի խնդիր չկա, ադրբեջանական հենակետեր նույնպես չկան։ Այնինչ, «Առավոտի» տեղեկություններով, կառավարությունից համայնքների ղեկավարներին դեռ պատերազմի շրջանից է զգուշացված՝ չխոսել դիրքային այս կամ այն փոփոխությունների մասին՝ պատճառաբանելով, թե դա Պաշտպանության նախարարության իրավասության հարց է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ