Բաքուն երկու պատերազմների սերունդների նկատմամբ ցուցադրական դատավարություն է պատրաստում։ «Առավոտի» հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախյան շարժման մասնակից, «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի անցակետում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից արցախցի ուսանողի առեւանգման դեպքին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ այսօր Լաչինի միջանցքի անցակետում ձերբակալել են երեք հայ երիտասարդի: Իսկ Արցախից հայտնել են, որ ապօրինի անցակետից առեւանգվել է 2001թ. ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանը, ևս մեկ երիտասարդի հարցաքննում են:
Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության համաձայն՝ արցախցի երիտասարդն առեւանգվել է «ադրբեջանական դրոշն անարգելու» համար, այնինչ, Գագիկ Ավանեսյանը կարծում է, որ իրականում դա պատրվակ է, հետագայում պատերազմի մասնակցության դրվագ կարող են առաջ քաշել։
Նա նշեց, որ այսօրվա դեպքից հետո Արցախում որեւէ մեկը ցանկություն չունի անցնել այդ անցակետով, Արցախից դուրս գալու հոսքը կանգնելու է։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ են առեւանգել արցախցի ուսանողին, Ավանեսյանն ասաց․ «Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են սա անում, ասեմ, որ սա «Կոլցո» օպերացիա-2 է, 1991 թվականին ինչքան հայ բռնվել է, ռուսներն են բռնել ու տվել թուրքերին՝ Ստեփանակերտից, Հադրութից, գյուղերից։ Այն ժամանակ էլ էր ռուսն անում, նույնը փաստորեն հիմա է անում»։
Գագիկ Ավանեսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում արցախացիների անելիքը պետք է լինի հետեւյալը՝ մնալ հայրենիքում ու փորձել պաշտպանել այն։ «Ճանապարհով գնալն ու Արցախից դուրս գալն այլեւս վտանգավոր է այս վիճակում, ճիշտը պաշտպանությանը տրամադրվելն է։ Պետք է մեր ժողովուրդը հասկանա, որ այդ անցակետը ֆիլտրացիոն գոտի է։ Պետք է փորձենք գտնել տարբերակ, որ Բերձորի միջանցքի կարգավիճակը վերականգնվի, Ադրբեջանը չպետք է լինի այդ 5 կմ-ոց հատվածում՝ Ստեփանակերտից մինչեւ Կոռնիձոր։ Դրան պետք է հասնել, դա էլ հայկական դիվանագիտության գործն է, որը, իմ կարծիքով, ոչ թե թույլ է, այլ չկա ընդհանրապես։ Կարելի է անգամ ասել, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսն Ադրբեջանի օգտին է աշխատում»,- ասաց նա։
Անդրադառնալով տեղեկությանը, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովին փոխարինում են այլ հրամանատարով, Գագիկ Ավանեսյանն ասաց․ «Հստակ չենք կարող ասել, թե Մոսկվայում ինչ սցենար է գծված, ինչ պիտի անի հաջորդը, ինչ ծրագրով է գալիս։ Ասեմ, որ նույն իրավիճակը 1991 թվականին էր, այն ժամանակ շրջաններում պարետներին անընդհատ փոխում էին, մեկին բերում էին, հայերին ճնշում էր, մյուսը հայերի օգտին էր աշխատում։ Նույնը հիմա է, դժգոհությունը Լենցովի նկատմամբ այնքան է շատացել, որ ուզում են նոր հրամանատար բերել, ցույց են տալիս, որ այս մեկը կարող է լավը լինի, Ռուսաստանի իմիջը մի քիչ վերականգնելու համար են անում։ Չգիտեմ՝ ինչ են մտածում, բայց մի բան ուզում են փոխել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ