Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ Նույն անձը, որը հիմա անընդհատ ասում է՝ չկար բանակ, այս չկար, այն չկար, 2020 թվականի հուլիսին բռերով բաժանում էր թե շքանշաններ, թե հերոսի կոչումներ

Օգոստոս 28,2023 16:19

«Ո՞ւր են հասարակական վերահսկողության այն մարմինները, որոնք այդքան ակտիվ էին։ Օրենքով մենք ստեղծել ենք այնպիսի մարմին, որտեղ ՀԿ-ների ներկայացուցիչներն ունեին այնպիսի մանդատ, որ ցանկացած ժամի երկու հոգի իրավունք ունեն մտնել ցանկացած «փակ վայր», -ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում՝ խոսելով այսօր կալանավայրերում պահվող ընդդիմադիր գործիչների համար ստեղծված անմարդկային պայմանների մասին տարածվող տեղեկությունների մասին։

«Բա ո՞ւր են նրանք։ Այնպես չի եղել, որ այդ օրենքը հալած յուղի պես ընդունվել է։ Բայց Հարավային Կովկասում մենք առաջինն ենք եղել, որ այդպիսի օրենք ենք ընդունել։ Ո՞ւր է սահմանադրական մարմին Հանրային խորհուրդը, որի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որքան տեղյակ եմ, հրաժարական է տվել, սակայն շատ ակտիվ է Դանիել Իոաննիսյանը։ Հանրային խորհրդում 40-ից ավելի կարկառուն դեմքեր են։ Հանրային խորհուրդը, ի տարբերություն այն մարմնի, որը պետք է քրեակատարողականը վերահսկի, որը օրենքով է, սահմանադրական մարմին է։ Նույնչափ սահմանադրական մարմին, որքան Մարդու իրավունքների պաշտպանը։

«Սրտիցս արյուն է կաթում։ Մենք 90-ականներին զբաղվել ենք այդ ՔԿ հիմնարկներով, նախնական կալանքի վայրերով, որ անմարդկային վիճակը չլինի։ Սա նշանակում է, որ ներկայումս քաղաքացիական հասարակությունը ընդհանրապես դուրս է մղված ժամանակակից պետության ստրուկտուրաներից։ Մենք անգամ մշակել ենք, թե ինչպես պետք է վերահսկվի ԱԱԾ-ն, երկու խորհուրդ կար, որոնք վերստուգիչ աշխատանքներ էին անում եւ վերահսկում էին բանակը։ Հիմա ո՞ւր են այդ բոլոր կազմակերպությունները։

Ռուբեն Մելքոնյանը գեներալ Գրիգորի Խաչատուրովի բոլոր «մեղքերն» ասել է․ նա հերոս է, նա արժանապատվություն ունի, նա խելացի է, նա ռազմավարական մտածելակերպ ունի, նա հայրենիք ունի։ Նա պատվով է դուրս եկել 2020 թվականի հուլիսի իրավիճակից, ուր իրեն ուղարկել էին ինձ համար մութ նպատակներով։ Ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստիպված է եղել ձոնի այն բանակը, որ ինքը ստացել է նախկիններից։ Այսօր բոլորը մոռանում են։ Ես հիշեցնեմ․ 2020 թվականի հուլիսին նույն այդ անձը, որը հիմա անընդհատ ասում է, որ չկար բանակ, այս չկար, այն չկար, ձոնում էր այդ բանակը, ինքը բռերով բաժանում էր թե շքանշաններ, թե հերոսի կոչումներ։ Անձամբ կարդացել եմ, որ ինքն այնքան հերոսի կոչում է տվել, որքան տրվել է ամբողջ ազգային ազատագրական պատերազմի ժամանակ։ Այսինքն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր շուրթերով հստակեցրել է, որ նախկիններից ինքն ստացել է հրաշալի բանակ, որը այդ անձի համար օրինակելի, պարգեւատրումների ու շքանշանների արժանի բանակ է եղել եւ ինքը այդ բանակը ստացել է նախկիններից։

Իսկ երբ հետագայում ինքն այդ պայմանավորված, այսպես ասած, ագրեսիայի ժամանակ եւ դրանից հետո սկսել է խոսել հակառակը, դա, իհարկե, իր բնավորության գիծն է։ 44 օրվա դիմադրությունն այն դեպքում, երբ պայմանավորվածություն է եղել, որ այդ պատերազմը մի քանի օրվա մեջ պետք է ավարտվի եւ ամեն ինչը թողնվի, խոսում է բանակի, զինվորների, սպաների, գեներալների մարտունակության մասին։ Ես ապշում եմ, թե մեր տղաները այդ պայմաններում ինչպիսի հերոսական գործեր են արել։ Ընդ որում, տղաները չեն պատմում իրենց մասին։ Իրենք պատմում են իրենց ընկերների մասին։ Այսինքն, այնպես չի, որ գլուխ են գովում։

Հաճախ են ասում, թե ինչ անեինք, երբ մեր վրա հարձակվել էր հինգ պետություն։ Այդպես չի։ Միջազգային ռազմական փորձագետները եւս ընդգծում են, որ այդ պայմաններում, երբ ուղղակի մասնակցել է Թուրքիան՝ ընդգրկելով միջազգային թափթփուկներին, երբ Իսրայելը օգնել է, Պակիստանն օգնել է, այլք օգնել են, իրենք հիացած են։

Ինչ հիմա արվում է Խաչատուրովի, Աշոտյանի եւ մյուսների դեմ, այդպես պատժում են իրենց արժանիքների համար, որոնք այս իշխանության համար ընդունելի չեն։ Այս իշխանությունը նախնական կալանքը կիրառում է որպես պատժամիջոց»,-ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031