«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներին տարբեր խոստումներ, իսկ քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցներին հանձնարարականներ է տալիս։
Օգոստոսի 27-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանդիպման ժամանակ բնակիչները Ավինյանին բողոքեցին, որ հանրային տրանսպորտը լավ չի աշխատում։ Ավինյանը հեռախոսով կապ հաստատեց համապատասխան պաշտոնյայի հետ եւ տեղում հանձնարարական տվեց։
Մասնավորապես, հեռախոսով դիմելով ոմն Վազգենի (հիշեցնենք, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը Վազգեն Հարությունյանն է․–խմբ․) Ավինյանն ասաց․ «Վազգեն ջան, մենք հիմա Արարատյան զանգվածում ենք, այստեղ տրանսպորտի հարցը սուր է: Գազելներից ենք դրել երկու հատ, եւ ենթադրում եմ՝ իրենց քանակի պակասությունը նաեւ ստեղծում է խնդիր էս մարդկանց համար: Մենք ունե՞նք տարբերակ, թեկուզ 30 հատը բերելուց հետո ինչ-որ բան դիտարկել: Բայց մի քանի բան հաշվի առ, ես ժողովրդին նաեւ Սարի թաղում եմ խոստացել, որ «պազիկը» պիտի փոխենք: Քանի՞ նոր գիծ ենք կարողանում ստեղծել։ Մեկ էլ մի տրանսպորտ Դավիթ Բեկով պետք է գնա, որ Էրեբունիից մինչեւ Մասիվ: Այսինքն` մի հատ այդպիսի գիծ էլ է պետք»։
Հանձնարարականները տալուց հետո լսելով պատասխանը՝ Ավինյանն ասաց․ «Վսյո, վսյո, դե ժողովրդին ես այստեղ հստակ ասում եմ, խոսքս գետնով չտաս, Վազգեն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 19–րդ հոդվածի համաձայն՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ