«Ընդհանուր առմամբ դժվար է, բայց ելնելու դրություն կա: Հույսը վերջում է մահանում, բայց դեռ հույս կա»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի հարցին ի պատասխան ասաց մի տարեց քաղաքացի: Բակում նարդի խաղացող քաղաքացիներից Անդրանիկ Թեւանյանը հետաքրքրվում էր Արցախի հարցի շուրջ նրանց տեսլականներով եւ հորդորում՝ «Նյու-վասյուկիներին չհավատալ եւ միանալ իրենց՝ Հայաստանում ամբողջական իշխանափոխության հիմքերը Երեւանի ընտրություններով դնելու համար»:
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս սուրբ եւ քաղաքացիական պարտականությունն է։ Ամենակարեւորը, որ մարդիկ ընկալեն, որ սա աթոռակռիվ չէ․ աթոռակռիվ լիներ՝ մանդատս չէի դնի։ Եթե երկիրը կորցնենք՝ արդեն կապ չունի, թե ով որ աթոռի վրա է նստած լինելու: Ժողովուրդ ջան, չմտածեք, որ ձեր քվեով ոչինչ չեք կարող փոխել, ոտքի կանգնեք եւ ձեր քվեով լուծեք Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի գրասենյակի մոտով անցնելիս, Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ գրասենյակի դիմաց թմրամիջոցների օգտագործման հետքեր կան, թմրանյութեր են շպրտած եւ իրենց երթն ուղեկցող ոստիկաններին հարցրեց՝ ի՞նչ արձագանք է ստացել ոստիկանության կողմից այս երեւույթը: «Չե՞ք կասկածում, որ թմրամիջոցների օգտագործման դեպքեր են եղել, ե՞րբ եք զեկուցելու»,-ոստիկանին հարցրեց Անդրանիկ Թեւանյանը։
Ոստիկանը պատասխանեց՝ արդեն զեկուցել է։
Կարդացեք նաև
«1 մլն եվրոյից ավելի թմրանյութեր են ներկրվել Հայաստան եւ մենք դեռ չենք տեսել դատապարտվողներ։ Այս շենքերի վրա թմրամիջոցների տարածման գովազդներ կան, թմրամիջոցների տարածումը դարձել է սպառնալիք, իսկ ոստիկանությունը զբաղված է ցուցարար ցրելով»,-մտահոգություն հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ