Ադրբեջանցիներն այսօր Բերձորի անցակետից ռուս խաղաղապահների ներկայությամբ արցախցի ուսանող են առեւանգել։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ, Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը (լուսանկարում)։
«Շատ վատ լուր եմ լսել, մոտ մեկ ժամ առաջ անցակետից թուրքերը ռուսներից մեկ ուսանող երեխու են տարել՝ 22 տարեկան։ Այս պահին մեկին տարել են, երկրորդին հարցաքննում են։ Սա արդեն վերջն է, ռուս խաղաղապահները, որոնք անցակետով անցկացնում էին ուսանող երեխաներին եւ իրենց քաղաքացիներին, այսօր վերջին օրն էր կարծեմ, եւ այսօր տեղի է ունենում նման դեպք։ 22 տարեկան տղա ուսանողին մեկին տարել են արդեն, այս պահի դրությամբ մյուսին էլ հարցաքննում են։ Լենցովը որ գնաց, փաստորեն պատճառ կար գնալու, եւ այս ամեն ինչը կարելի է ասել նախապատրաստված էր։ Էդ երեխեքի տարիքը որ հաշվի ես առնում, 2020 թվականին զինվորներ են եղել, ամբողջ աշխարհում զինվորներին չեն դատում։ Բայց Ադրբեջանի ներկա իշխանությունը թքած ունի նման բաների վրա։ Այս պահին կորցնելու բան այլեւս չկա»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ վիճակը ծանր է, կոչ արեց այսօր՝ ժամը 17։00-ին հավաքվել Վերածննդի հրապարակում ու որոշել անելիքները։
Հիշեցնենք, որ ըստ Արցախի Տեղեկատվական շտաբի՝ «Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Կարդացեք նաև
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ