Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրն այստեղ տրվում է երազի նման. Երևանի Հին Մուշավան թաղամասի բնակիչ

Օգոստոս 28,2023 14:58

Եթե նայեք շրջակա տարածքին, ձեզ կարող է թվալ, թե քարոզարշավի այս թեժ փուլում Երևանից դուրս եմ եկել, բայց՝ ոչ, բնակիչների հրավերով մենք եկել ենք Երևանի Հին Մուշավան թաղամաս, որը Էրեբունի վարչական շրջանի կազմում է: Դիմելով երևանցիներին՝ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունների իր քարոզարշավի մարտավարությունն իրականացնում է քաղաքացիներից ստացված բողոք-դիմումների հիման վրա՝ բակային հանդիպումների միջոցով քննարկելով տեղային խնդիրները:

Նույնիսկ վեց տարի Երևանի ավագանու անդամ եղած Դավիթ Խաժակյանը տարակուսած էր, թե այս թաղամասն իսկապե՞ս Երևանի վարչական տարածքի մեջ է ընդգրկված:

Բնակիչները պատմեցին, որ այս թաղամասը ձևավորվել է դեռևս անցած դարի 80-ական թվականներին՝ բառացիորեն բնակիչների ձեռքերով ամայի տարածքում տներ են կառուցվել, սեփական միջոցներով անհատապես խմելու ջուր են հասցրել իրենց տներ, հոսանք են քաշել, փորձել են ինչ որ տարբերակով նաև ոռոգման ջուր հասցնել ու այգիներ մշակել: Բայց քանի որ թաղամասն առհասարակ զրկված է խմելու և ոռոգման ջրի, կոյուղու համակարգերից՝ ջուր այստեղ հազվադեպ է լինում, իսկ խմելու ջրի մոտակա կետը Շորբուլախում է, այս թաղամասից բավականին հեռու:

Դավիթ Խաժակյանը հինմուշավանցիներին հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը կարող է իր բյուջեում միջոցներ նախատեսել ջրագծերի, կոյուղագծերի և հեղեղատար խողովակների համակարգերի համար, առանձին նախագծեր  պատվիրել, հետո ֆինանսավորում հատկացնել այդ համակարգերը կառուցելու համար:

Բնակիչներից մեկի տեղեկացմամբ, Հին Մուշավան թաղամասում ավելի քան 100 ընտանիք է բնակվում: Անցած տարի «Վեոլիա ջուրը» կազմել է տեխնիկական պայմանը, որով 84 մլն. դրամ է գնահատվել ջրագծի համակարգի անցկացումը, մուշավանցիները փորձել են իրենց ուժերով այդ գումարը հավաքել, սակայն չեն հաջողել: Խաժակյանը հավաստիացրեց, որ այդ 84 մլն. դրամը Երևան քաղաքի բյուջեի համար շատ փոքր գումար է։

«Ընդհանրապես այստեղ հոսող ջուր չկա, ջուրն այստեղ տրվում է երազի նման, հոսանքն անգամ մեր ուժերով ենք հասցրել թաղամաս, ճանապարհ առհասարակ չկա, էստեղ հողը կավահող է, եթե մի քիչ անձրև գցեց՝ մեքենա չէ, տրակտորն էլ չի կարողանում շարժվել »,-ասաց բնակիչներից մեկը։

«Մենք ամեն տարի ձևավորում ենք քաղաքի բյուջեն, որի մեջ ներառում ենք, և՛ ճանապարհների, և՛ ջրագծի գումարներ: Ճիշտ է, ընդունված է համարել, որ ջրագիծն ու կոյուղագիծը «Վեոլիա ջրի» գործառույթ է, բայց այն տեղերում, որտեղ «Վեոլիան» չի անելու, մենք պետք է անենք, մեր բյուջեն այդ հնարավորությունը տալիս է: Հիմա սուտ կլինի, եթե ասեմ, թե այս 2 հարցն էլ 2024 թվականին կարող է լուծվել, բայց առնվազն ճանապարհի…, ավելի ճիշտ՝ ջրագծի և ճանապարհի համար նախագիծ պետք է կազմվի, այդ երկու նախագծերը ունենանք, հասկանանք գումարն ինչքան է՝ գոնե ամեն տարվա բյուջեում խնդիրներից մեկի լուծումը նախատեսենք: Եթե մենք քարոզարշավ ենք անում բազմահարկ շենքերի բակերում, քանի որ շատ մարդ կա, կարող է մի 50 տարի հետո էստեղ նույն վիճակն է լինելու …»,-ասաց քաղաքապետի թեկնածուն։

«50 չէ, մի երեք տարի հետո էստեղ մարդ չի մնա»,- Խաժակյանին ընդհատեց բնակիչներից մեկը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031