Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոնդոնում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթող կտեղադրվի

Օգոստոս 28,2023 12:38

Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի և Բրիտանահայ համայնքային խորհրդի համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է քաղաքական աջակցություն ձեռք բերել Լոնդոնում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու նախագծի շուրջ: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանը՝ մանրամասնելով, որ հուշարձանը կտեղադրվի Իլինգի շրջանում:

Մեծ Բրիտանիայում գործող երկու հայկական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իլինգի խորհուրդը 1915-ին Թուրքիայում հայերի դեմ մեկնարկած ոճրագործությունները ցեղասպանություն է ճանաչել դեռևս 2010 թվականին: Նույն թվականին շրջանում տնկվել է հայկական ծիրանենի, որը այժմ տեղափոխվելու է այլ վայր և փոխարենը կկանգնեցվի հուշակոթողը:

«Այս հուշակոթողը լինելու է հանրային տարածքում՝ Լոնդոնի Իլինգ շրջանում։ Անցորդները կարող են տեսնել եւ տեղեկանալ Հայոց ցեղասպանության մասին։ Այն նաև Հայոց ցեղասպանությունը հիշելու վայր է լինելու, եւ ավելի տեսանելի կլինի, քան ծիրանի ծառը։ Մենք Լոնդոնի հանրային տարածքում նման հուշակոթող չունենք: Սա առաջինն է», – մեզ հետ զրույցում հայտնեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը՝ հավելելով, որ այժմ բրիտանական հասարակությունում Մեծ եղեռնի մասին իմացության մակարդակը կաճի:

Հանձնախմբից պատմեցին նաև հուշակոթողի տեղադրման թույլտվության ձեռքբերման երկարատև ընթացակարգի մասին: Անէթ Մոսկոֆեանը փաստում է՝ հայ համայնքը երկար տարիներ փորձել է նման հուշարձան ունենալ, բայց նրանց արտոնել են ունենալ միայն ծիրանի ծառ:

Ծիրանի ծառը

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ամրապնդել ենք մեր հարաբերությունները քաղաքապետարանի հետ, և երբ ընտրվեց նոր քաղաքապետը, ես հանդիպեցի իր հետ և բացատրեցի, որ Իլինգը հայերի ամենամեծ համակենտրոնացումն ունի Մեծ Բրիտանիայում, և մեզ համար նման հուշարձան ունենալը մեծ նշանակություն ունի, ինչպես հրեաների դեպքում է: Քաղաքապետը հրեա լինելով՝ հասկացավ կարեւորությունը եւ խոստացավ հովանավորել այդ առաջարկը»:

Մոսկոֆեանի խոսքով՝ հայաստանցի խաչագործ Վարազդատ Համբարձումյանի հետ տարբեր առաջարկներ քննարկելուց հետո ընտրվեց «Հավիտենական կրակ» աշխատանքը: Գծագրությունները պատրաստելուց հետո հայկական համայնքը դիմում ներկայացրեց քաղաքապետարան, որը տեղի է ունեցել նաև Հայ դատի կենտրոնական գրասենյակի օժանդակությամբ:

«Երեք ամիս անց մեր դիմումն ընդունվեց: Մենք կապվեցինք մեր շատ սիրելի համակիր, ազգանվեր տիկին Վիոլետ Թադեւոսեանի հետ: Նա անմիջապես սիրահոժար նվիրվածությամբ հոգած հուշարձանը պատրաստելու և Երևանից փոխադրելու բոլոր ծախսերը», – Aravot.am-ին է պատմում Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:

Հարցին՝ արդյոք հանձնախումբը քայլեր ձեռնարկո՞ւմ է Միացյալ Թագավորության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, նա ընդգծեց, որ դա նվիրյալ և հետևողական աշխատանք է պահանջում: Նրա խոսքով՝ այս նպատակին ուղղված ջանքերն ուժգնացրել են հատկապես ԱՄՆ Նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից ի վեր:

«Կան բազմաթիվ խորհրդարանականներ, ովքեր կողմ են ճանաչմանը, սակայն խնդիրը կառավարությունն է և նրա հարաբերությունները Թուրքիայի հետ։ Բրեքսիթից ի վեր հատուկ զարգացնելով առևտրային համագործակցությունը ոչ-եվրոպական երկրների հետ՝ նրանք չեն ցանկանում վշտացնել Թուրքիային»:

Այս տարվա ապրիլի 24-ին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հայ նահատակների հիշատակը հարգեցին անհետ կորած զինվորի հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով

Միաժամանակ, Անէթ Մոսկոֆեանն ընդգծում է համբերության կարևորությունը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կողմից տարիների համառ պայքար պահանջվեց հասնելու Ցեղասպանության վերջնական ճանաչմանը:

Եզրափակելով՝ Մոսկոֆեանը տեղեկացրեց, որ հուշակոթողի տեղադրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031