Կոչ ենք անում ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր ուժերին՝ աջակցել ստեղծված միավորման գործունեությանը.
Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և գիտակցելով մեր առջև ունեցած աղետալի խնդիրները, երեկ տեղի ունեցավ մի շարք կուսակցությունների, ՀԿ-ների և միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ժամանակ քննարկվեց և ընդհանուր որոշման հիման վրա, որոշվեց ստեղծել միասնական շտաբ՝ հասարակական և քաղաքական ուժերից կազմված, որը կկարողանա բացահայտել, բարձրաձայնել և փորձել կանխարգելել վարչական լծակների չարաշահման իշխանականների փորձերը, քվեարկության ժամանակ կիրականացնի վերահսկում, կկանխի և կբարձրաձայնի հնարավոր կեղծիքները և այս ընտրությունները կդարձնի գործող իշխանություններին մերժելու հանրաքվե:
Նշված նպատակի հիմքն է հանդիսանում ներկայիս իշխանությունների աղետալի գործողությունները՝
1.Քաղաքային տնտեսության և կառավարման համակարգի տապալումը
Կարդացեք նաև
2.ՀՀ անվտանգության ապահովման ձախողումը
3.Պաշտպանական ռազմավարության տապալումը
Որպեսզի կանխվի ներկայիս իշխանությունների կամ նրանց արբանյակների վերարտադրումը, և ընտրողը հերթական անգամ չխաբվի և իր որոշիչ ձայնը չուղղի այդ ուժերից որևէ մեկին, միասնական շտաբին միացող բոլոր անդամները՝ հատկապես Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունները և դաշինքները, պետք է ունենան հստակ դիրքորոշում և հայտարարեն, որ ոչ մի պարագայում, ընտրության ցանկացած արդյունքի դեպքում, կոալիցիա չեն կազմի ներկայիս իշխանությունների հետ:
Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում 2023 թվականի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, ընտրություններին հայտ չներկայացրած քաղաքական և հասարակական ուժերին, հանրային նախաձեռնություններին աջակցել ստեղծված միավորման գործունեությանը, և իրենց հերթին, ակտիվ գործողություններով կոչ անել երևանցիներին մասնակցելու առաջիկա քաղաքային ընտրություններին՝ մերժելով գործող իշխանությանը:
«Միասնություն» հարթակ