Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վերադառնամ, կներկայացնեմ անհրաժեշտ փաստաթղթեր»

Օգոստոս 28,2023 12:30

2016-ի ապրիլին սահմանները պաշտպանածի գործով ՍԴ-ն որոշում կայացրեց

Սահմանադրական դատարանը 2023թ. օգոստոս ամսին աշխատակարգային որոշումներով կարճել է 1 գործ, մերժել՝ 4-ը: ՍԴ որոշմամբ կարճվել է Գայանե Ճաղարյանի դիմումի հիման վրա մուտքագրված գործը, որով նա խնդրել էր՝ «… ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի եւ 303-րդ հոդվածի 2-րդ մասի օրենսդրական բացով պայմանավորված դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավեր՝ այնքանով, որքանով օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն նախատեսված չէ այն անձանց համար, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող պայմանագրի կնքման հետեւանքով»: Մերժվել են Հարություն Ղարիբյանի, «Արդշնիբանկի» երկու եւ Հրաչյա Հովհաննիսյանի դիմումները:

Անդրադառնամ ՍԴ վերջին որոշմանը:

2023 թվականի հուլիսի 13-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Հրաչյա Հովհաննիսյանի դիմումը: Ներկայացնելով իր երկու քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները՝ նա նշել էր, որ Վճռաբեկ դատարանը, ելնելով իրավունքի զարգացման իր առաքելությունից եւ նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնի տվյալ իրավական ակտն ընդունելու նպատակից, պետք է մեկնաբաներ, թե արդյո՞ք դատարանն այդ գործով իրավահարաբերությունը կարգավորելու համար պետք է ղեկավարվեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀՀ սահմանները պաշտպանելու պարտականությունը կատարած ՀՀ քաղաքացու սոցիալական շահերը պաշտպանելու նպատակով օրենսդրի ընդունած իրավական նորմերով, ինչպիսիք են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետը եւ 4-րդ մասը, թե՞ պետք է բիզնեսի շահերից ելնելով՝ ղեկավարվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, այն սխալ մեկնաբանելով՝ մերժեր աշխատավարձի վճարումն աշխատողին, քանի որ վերջինս պատերազմական իրավիճակում, սահմանված կարգով, ՀՀ զինված ուժերի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների եւ Արցախի պաշտպանությանը, որի հետեւանքով բացակայել է աշխատանքից եւ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Նշված քաղգործերին «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում ծանոթանալով, պարզեցի, որ ՍԴ դիմած Հովհաննիսյանը բացակայել է աշխատավայրից: Ըստ քաղդատարաններում առկա հայցի, աշխատանքից հայցվորի բացակայելն ինքնանպատակ չէր. «Նա բացակայել է աշխատանքից հարգելի պատճառով, որի մասին 2016թ. ապրիլի 4-ին առավոտյան նախապես անձամբ տեղեկացրել է աշխատակազմի ղեկավարին։ Հայցվորը տեղեկացրել է, որ մարտական ջոկատի (ձեռնպահ կմնամ ջոկատի անունը նշելու, այն համարում եմ անձնական տվյալ-Ռ.Մ.) կազմում մեկնում է ԼՂՀ Ադրբեջանի ագրեսիայի դեմ ռազմական գործողությաններին մասնակցելու նպատակով, եւ այդ մասին իմացել են իր գործընկերները»: Չնայած այն հանգամանքին, որ պատասխանող ընկերությունը գիտեր հայցվորի տեղը եւ գնալու նպատակը, 07.04.2016թ. հայցվորին չպատկանող հասցեով ուղարկել է ծանուցագիր ս.թ. ապրիլի 5-ին, 6-ին, 7-ին աշխատանքի չներկայանալու վերաբերյալ գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջով։

Ըստ քաղգործի նյութերի, ԼՂՀ-ում գտնվելու ժամանակ ծանուցագրի մասին հեռախոսով, որդու կողմից տեղեկանալուց հետո հայցվորը զանգել է գործադիր տնօրենին, հիշեցրել, թե որտեղ է ինքը գտնվում եւ ինչ նպատակով, ասելով. «Եթե վերադառնամ, կներկայացնեմ անհրաժեշտ փաստաթղթեր»: Հայցվորը իրեն հասանելիք հանգստյան օրերից հրամանատարից ստացել է 2 օրով բացակայելու թույլտվություն եւ մեկնել Երեւան` աշխատավայրում առաջացած խնդիրը կարգավորելու նպատակով։

Տեղեկանքով, որը տվել է ՀՀ ՊՆ համայնքներից մեկի զինվորական կոմիսարիատը, այո, հայցվորը հանդիսանում է մարտական ջոկատի անդամ եւ ապրիլի 4-ից մարտական առաջադրանք է իրականացնում Արցախում: Աշխատավայրից նույնպես դիմել են զինկոմիսարիատին, եւ հայցվորի գտնվելու վայրի վերաբերյալ ստացել է նույնաբովանդակ պատասխան։

Պատասխանող ընկերությունը նախապես իմանալով հայցվորի գտնվելու վայրը եւ նպատակը եւ անտեսելով պետական լիազոր մարմնի տեղեկանքը, հայցվորի բացակայությունը համարել է անհարգելի, նրան անօրինական ազատել աշխատանքից: Սահմանադրական դատարան դիմելով՝ Հովհաննիսյանը խնդրել է՝ «Պարզել, թե արդյո՞ք սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը մինչեւ 09.10.2020 թվ. փոփոխությունը» համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 57-րդ հոդվածի 2-րդ մասի հետ այն դեպքում, երբ իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ աշխօր-ի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով եւ 4-րդ մասով օրենսդիրը սահմանել է աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու պայմաններում աշխատավարձ ստանալու հնարավորություն: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված իրավական նորմերի կիրառման եւ ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածով սահմանված լիազորությունները չկատարելու հետեւանքով չի՞ խախտվել արդյոք ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը սահմանված կարգով մասնակցած ՀՀ քաղաքացու աշխատավարձ ստանալու իրավունքը, թե՞ ոչ»:

Դիմողի գնահատմամբ, Վճռաբեկ դատարանը իր քաղաքացիական գործով միանգամայն անհիմն է մեկնաբանել 2020 թվականի հոկտեմբերի 9-ին փոփոխված՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը, քանի որ վճռաբեկ բողոքում այդ հոդվածին հղում չի կատարվել: Դիմողը նշել է, որ Վճռաբեկ դատարանն անհիմն է հիշատակել նաեւ իր կողմից հարկադիր պարապուրդի դիմաց ստացած հատուցումը: Դիմողի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ աշխատանքից անօրինական ազատված եւ դատարանի կողմից աշխատանքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով չվերականգնված աշխատողին միայն հարկադիր պարապուրդի գումարը վճարելով՝ գործատուն ազատվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված վերջնահաշվարկ կատարելու պարտականությունից, որն ակնհայտորեն սխալ է: Այսինքն, Վճռաբեկ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի «մինչեւ 09.10.2020 թ. կատարված փոփոխությունը» սխալ մեկնաբանությամբ կիրառման եւ այդ հիմքով վճռաբեկ բողոքը մերժելու հետեւանքով խախտել է իր՝ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքից անհիմն ազատման դեպքում պաշտպանության իրավունքը, Վճռաբեկ դատարանը չի պաշտպանել իր՝ աշխատանքից անհիմն ազատման օրվա դրությամբ հասանելիք աշխատավարձը ստանալու իրավունքը:

Սահմանդրական դատարանն արձանագրել է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական եւ (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:

Գործի նյութերի ուսումնասիրությունը, ըստ ՍԴ-ի, վկայում է, որ դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի եւ մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կատարված փոփոխությունը, գործող 124-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների իրավակիրառ պրակտիկայում:

Սահմանադրական դատարանը փաստել է, որ եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, եւ Վճռաբեկ դատարանը դիմումատուի քաղաքացիական գործով կայացրել են դիմողի համար անբարենպաստ իրավական հետեւանքներ առաջացնող դատական ակտեր:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության» սահմանադրականության գնահատում, այլ վերաքննիչ քաղաքացիական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, հետեւաբար, որոշում կայացրեց, մերժել դիմումը:

Մինչդեռ դիմողը եղել է մարտական առաջադրանք կատարող եւ այս հարցը հավասարապես շատերին է վերաբերում նաեւ այսօր:

Դիմողը ներկայացրել էր հետեւյալ դիրքորոշումը. «Օրենսդիրը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակից աշխատող անձանց (որոնք ընդգրկված են զինվորական ծառայության մեջ եւ կամավորական մարտական ջոկատներում) աշխատավարձի վճարման հարցը կարգավորել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով եւ 4-րդ մասով (ՀՕ-109-Ն փոփոխությունը կատարվել է 2016թ. հուլիսի 2-ին, որը տարածվում է 2016թ. ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա) եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից պետք է մեկնաբանվեին իրավահարաբերության ծագման պահին գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ օրենսդիր նպատակներից ելնելով, քանի որ օրենսդիրը Հայաստանի պաշտպանության պարտականությունը ՀՀ քաղաքացիների համար ամրագրել է ՀՀ Սահմանադրությամբ։ Հետեւաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի 16.01.2023թ. որոշումը Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցած աշխատողին հասանելիք աշխատավարձի վճարումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման հիմքով մերժելը հակասում է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031