Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակը իրականում չի բուժում, պարզապես անթեղում է ցավը…

Օգոստոս 28,2023 12:00

Լույս է տեսել Սպարտակ Մաթոսյանի «Օջախիս երկրաշարժը» գիրքը

Ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը, եւ հաճախ սա ճշմարտությանը հավասարազոր անհերքելի պնդում է համարվում։ Այսպես ասում են, երբ էլ մխիթարանքի խոսքեր չկան, երբ ասելու էլ ոչինչ չկա, երբ ցավի ահագնությունը ջնջում է անհրաժեշտ բառեր գտնելու եւ արտաբերելու ունակությունը։

Ինչո՞ւ…

Որովհետեւ ժամանակը իրականում չի բուժում։ Ժամանակը պարզապես անթեղում է ցավը, թաքցնում տիրոջ սրտի մեջ օտար աչքերից, ծածկում նոր օրերի հոգսերով, վազվզուքով, դեպքերով ու դեմքերով։ Ու միայն ցավի տերն է իմանում իր կսկիծի իրական խորությունն ու ծավալը, նրա մշտամնա դառնությունը։

Հովհաննես Շիրազն ասում է՝ ցավը մարդու մտքի դայակն է, ցավին հաղթելով՝ մարդն իմաստնանում է։

Եթե նայենք այս տեսանկյունից՝ թերեւս «Օջախիս երկրաշարժը» գրքի հեղինակը՝ Սպարտակ Մաթոսյանը, կցանկանար հազարավոր մղոններով հեռու մնալ այդպիսի «իմաստնությունից», որովհետեւ այն, ինչի մասին խոսում է նա, սոսկ ցավ չէ, մեկ անհատի ողբերգություն ու դրանից ծնված անձնական դրամա չէ։

Գիրքը մի ողջ ժողովրդին բաժին հասած աղետի` 88-ի երկրաշարժի մասին է, որը հեղինակը ներկայացնում է իր բաժին կորուստների, իր բաժին վշտի, փորձությունների ու դրանց հաղթահարման միջոցով։

Թվում է՝ դիպաշարի գլխավոր կերպարն ինքը՝ հեղինակն է, որ էջ առ էջ տարեգրում է սոսկալի աղետին զոհ գնացած իր սիրելիներին, փորձում մոռացության փոշուց փրկել նրանց մասին հուշերը, նրանց բնավորությունն ու տեսակը, անուններն ու գործը։ Այսպես ընթերցողը քիչ-քիչ ծանոթանում է Լյուդմիլային ու Ժորային, Հենզելին ու Արտուշին, Լուարային ու Աշոտին։ Ու հասարակ, սովորական այս մարդկանց նկարագրության պարզությունն ավելի սոսկալիորեն է ընդգծում աղետի ահավորությունն ու աննախադեպությունը։ Սովորական, խաղաղ, միամիտ, հազար հույսով ու երազանքով ապրող, կյանքին ու միմյանց հազար թելերով կապված մարդկանց բնականոն առօրյան մի ակնթարթում վերածվում է դժոխքի՝ այս բառի ամենազարհուրելի իմաստով։ Ամեն ինչ ոչ թե գլխիվայր է շուռ գալիս, այլ շաղախվում է իրար՝ խելագարության աստիճանի սարսափով։

Հայրն ուրախությունից գոռում է, երբ… գտնում է որդու դիակը…

Երջանկություն է համարվում… դագաղով թաղվելը…

Եվ այս քաոսի ու իրարանցման, արյան, կորստի, ցավի, երբեմն՝ ծիծաղի ու ապրել շարունակելու կամքի արծարծումների վերեւում պտտվում է վիրավոր մի կռունկ՝ վեպի գլխավոր հերոսուհին՝ Սիրանուշը, թանկագի՛ն, ոսկեծաղի՛կ Սիրանուշը։ Նա խտացումն է կարծես կորցրածի։ Փոքրիկ, նուրբ, քնքուշ ու տաղանդավոր այս պարմանուհին, որի սիրտը զգայուն էր իր ջութակի լարերի պես ու չափ, կարծես լռիկ քայլում է անգամ այն էջերի միջով, ուր իր մասին հայր-հեղինակը չի էլ հիշատակել։ Նրա ջութակի թախծոտ մեղեդու ելեւէջները վիպական ամբողջ հյուսվածքի ուղեկիցն են։ Նրա՝ թեւաբեկ ու մոլորված կռունկի ճակատագիրն ամբողջացումն է բոլոր-բոլոր կորուստների, խեղված ճակատագրերի, փշրված հույսերի, անդառնալի բաժանումների։ «Սիրանուշի քնքույշ, գեղգեղուն հոգին իր ջութակի հնչյունների հետ թռավ, գնա՜ց կռունկների երամների հետ միասին»,- գրում է հեղինակը։ Եվ սոսկալին այն է, որ սա սոսկ գրողի երեւակայության արդյունք չէ, հորինվածք չէ, մտացածին չէ։ Սա իրականություն է, դառը, սոսկալի իրականություն, եւ գրողը Սիրանուշի հայրն է…

Քանի՜ այսպիսի Սիրանուշներ մի գիշերում ճերմակեցրին իրենց ծնողներին, քանի՜ այսպիսի կռունկներ թեւակոտոր եղան, ու քանի՜ այսպիսի որդեկորույս հայրեր միեւնույն հայացքով իրար նայեցին՝ մի կաթիլ արցունք թափելու անկարող։

«Սպիտակում, Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում, Երեւանում… մեր տեսած ու հանդիպած բոլոր հայերը նույն աչքերն ունեին, նույն տառապանքը»,- գրում է հեղինակը։

Գրքի բոլոր գլուխներում կորցրածի ու վշտի հետ մեկտեղ հյուսվում է նաեւ ապրելու, արարելու մաքառումը՝ միահյուսված մարդկային լավագույն արժեքների վերհանմամբ։ Կարծես շարունակում է հնչել Սիրանուշի փրկված ջութակի մեղեդին՝ որպես օրհնանք իր սիրելիներին, ապրելու կոչ ու պատվիրան։ Սիրանուշի փրկված ջութակը, թեեւ անտեսանելի, շարունակում է նվագել Աշոտի նոր տան պատերին, Ժորայի հյուրընկալ վրանում, հոր նորակառույց առանձնատանը, իրենից հետո ծնված եղբոր հայացքում։

Իսկ վշտից ճերմակած հայրը իր մեջ ուժ է գտնում՝ մաղթելու աշխարհին. «Տա Աստված, որ այսուհետ աշխարհի ոչ մի անկյունում տուն ու երկիր չփլվի, ու ավերակների տակ ջութակներ չմնան…»։

Թերեւս մարդկանց՝ միմյանց նկատմամբ կարեկից, հոգածու եւ անշահախնդիր վերաբերմունքն է օգնում չչարանալ, չմաղձոտվել։ Այդպես հեղինակը ներկայացնում է իրար ձեռք մեկնող, իրար սատար ու զորավիգ եղող մարդկանց՝ Արծրունին, Լյովային, Ժորային, որոնց ներկայությունը ուժ է տալիս ապրելու, հենասյուն դառնում փլվող էությանը, ստիպում ոչ միայն ապրել, այլեւ հավատալ, որ «բոլոր դիմակայություններում հաղթանակում են հզորները…, եւ հզորների աչքերը երբեք չեն թացանում»։

Հեղինակը, որին իրավամբ կարելի է սպիտակյան երկրաշարժի տարեգիր կոչել, ներկայացնում է նաեւ երկրաշարժին հաջորդող տարիները, ՀՀՇ-ական թալանի եւ առուփախի տարիները, ինչի հետեւանքով ցայսօր վերականգնված չէ աղետի գոտին, քարուքանդ ու ավերակ են այն տարիներին կառուցված գործարաններն ու արտադրամասերը։

«Իր դաժան պատմության ընթացքում Հայոց աշխարհով բազում փոթորիկներ են անցել՝ իրենց ետեւից թողնելով ավեր ու արյուն… Բայց այն, ինչ տեղի ունեցավ մեր օրերում, անսպասելի էր ու անկրկնելի: Ժողովուրդն այն անվանեց ՀՀՇ-ական խորշակ…»,- գրում է հեղինակը։

«Ու ե՞րբ է 1988 թ. դեկտեմբերի 7-ի աշխարհացունց երկրաշարժի ընդգրկած տարածքից վերջապես վերանալու «աղետի գոտի» հասկացությունը։

Ե՞րբ է համայն հայության Հայրենիքը՝ Հայաստանը, հզորանալու այնքան, որ թշնամին չհամարձակվի նույնիսկ դեպի մեր սահմանը նայել։

Ե՞րբ…»:

Հուսանք միայն, որ հեղինակի՝ գիրքը եզրափակող այս հարցը մի օր հռետորական չի լինի, հստակ պատասխան կունենա, եւ աղոթենք, աշխատենք ու ջանք չխնայենք, որ այդ օրը հնարավորինս շուտ գա։

Արմինե ՂԱԶԱՐՅԱՆ

Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի

«Առավոտ» օրաթերթ
26.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031