Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղդամով առեւտուր անելու առաջարկն արվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ միջազգային հանրության կողմից»

Օգոստոս 28,2023 13:00

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

– Պարոն Ազիզիյան, Արցախի Ազգային ժողովը նոր նախագահ ունի, սա ի՞նչ կփոխի քաղաքականության մեջ։ Ընդհանրապես Արցախի ներքաղաքական կյանքում ի՞նչ գործընթացներ են։ Օրերս տեղեկություն եղավ, որ զինվորական համազգեստով մարդիկ են մտնել խորհրդարան։ Հնարավո՞ր է իրավիճակը սրվի, կան մարդիկ, ովքեր քաղաքացիական պատերազմի վտանգ են տեսնում Արցախում։

– Արցախում ներքաղաքական զարգացումները պայմանավորված են ստեղծված իրավիճակով եւ այդ իրավիճակից դուրս գալու ամենատարբեր, երբեմն իրարամերժ տեսլականներով։ ԱԺ նախագահի փոփոխությունն առաջին հերթին պայմանավորված էր Արթուր Թովմասյանի առողջական վիճակով, ինչ վերաբերում է խորհրդարանի նոր խոսնակին, ապա պետք էր ընտրել մեկին, ում թեկնածությունը կունենար համեմատաբար ավելի բարձր աջակցություն։ Զինվորական համազգեստով տղամարդիկ, որոնք մտել էին Ազգային ժողովի շենք, աշխարհազորայիններ էին եւ փորձում էին ստանալ իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմի մասին հարցին, ցավոք սրտի, այդ վտանգը կա, բայց պետք է քաղաքական խոհեմությամբ ու փոխընդունելի քայլերով չեզոքացվի այն։

– Օրերս տեղեկություն եղավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ Ակնայի (Աղդամ) ճանապարհով առեւտուր անելու որոշում է կայացվել: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանն իր այդ առաջարկը լայն շրջանակների հետ քննարկում է արդեն։ Դուք ինչպե՞ս եք գնահատում սա, ի՞նչ օգուտ կտա դա Արցախի բնակչությանը, ի՞նչ ռիսկեր կառաջացնի։ Արցախի իշխանությունները ճնշման ներքո՞ են գնում այդ որոշմանը, թե՞ այլ դրդապատճառ կա։

– Իմ ունեցած տեղեկություններով՝ նման որեւէ որոշում չկա, հասկանալի է, որ նման հայտարարություններն ունեն բացառապես նեղ քաղաքական շահերը բավարարելու նպատակ։ Ինչ վերաբերում է քննարկումների ընթացքում այս տարբերակը որպես առաջարկվող լուծում դիտարկելուն, ապա դա բնական է, քանի որ այսօր ըստ էության դա առաջարկվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ միջազգային ողջ հանրության կողմից, այդ թվում՝ նաեւ հենց խաղաղապահության դերակատարումն ստանձնած Ռուսաստանի Դաշնության։ Որպեսզի իրավիճակը լավ պատկերացնենք, ունենք 3 տարբերակ` կամ ընդունում ենք Ադրբեջանի կողմից պարտադրվող եւ միջազգային հանրության կողմից աջակցվող ինտեգրման տարբերակն ու հայտնվում դանդաղ ցեղասպանության վտանգի առաջ, կամ շարունակում ենք չընդունել այն ու փորձում ապավինել բախտի քմահաճությանը, ընդ որում ժամանակ ձգելով՝ մենք սպառելու ենք ողջ ռեսուրսներն ու կրկին հայտնվելու ենք դանդաղ ցեղասպանության ու հայաթափման անխուսափելի վտանգի առաջ, կամ էլ դիմում ենք միջազգային հանրությանը` խնդրելով հումանիտար միջանցք տրամադրել բնակչությանն անվտանգ տարհանելու համար եւ հանձնում ենք Արցախը։

– Այսինքն՝ այլ տարբերակ չե՞ք տեսնում ստեղծված իրավիճակում։ Մենք տեսանք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանից բացի, միայն Ռուսաստանն է հանդես գալիս Ակնայի ճանապարհն օգտագործելու օգտին։

– Միայն Ռուսաստանը չէր, կան նաեւ այլ ողջունողներ։ Եվ սկզբունքորեն ոչ մի երկիր էլ դեմ չի արտահայտվել դրան, միայն Մալթայի ներկայացուցիչն էր ասել, որ դա չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։

– Լավ, եթե անգամ միջազգային հանրությունը կողմ է, Արցախում ապրող բնակչության համար դա ընդունելի՞ տարբերակ է։ Եվ արդյոք մեծ զիջում եւ հետքայլ չէ, որովհետեւ դրանից հետո Բերձորի միջանցքի հարցն ընդհանրապես կարող է փակվել, այդպես չէ՞։

– Արցախի իշխանությունների որոշման հետ կապված՝ կարծում եմ, որ վերջնական որոշումը կայացվելու է հասարակական-քաղաքական լայն շերտերի հետ խորհրդակցելուց հետո, ու այդ որոշումն արտահայտելու է մեծամասնության դիրքորոշումը։ Կրկնում եմ՝ ունենք 3 ծայրահեղ տարբերակ՝ կամ սովամահ ենք լինում, կամ Աղդամի ճանապարհն ենք բացում, կամ էվակուացիա է տեղի ունենում։ Ես կարծում եմ՝ չարյաց փոքրագույնը էվակուացիան է, բայց նորից եմ ասում, թող լինի մեծամասնության կամքը։

– Ի դեպ՝ ականատես եղանք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդիկ են դուրս գալիս Արցախից, հրապարակվեցին տեսանյութեր։ Նաեւ ռուսական անձնագրերով մարդկանց տեղափոխման մասին տեղեկություն եղավ։ Ի՞նչ է կատարվում, Արցախը դատարկելու գործընթացն սկսվա՞ծ է։

– Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուներին ՀՀ տեղափոխելուց բացի, այժմ նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի կողմից են ուղեկցվում քաղաքացիական անձինք, մասնավորապես, ուսանողներ, որոնք տեղափոխվում են անհրաժեշտությունից ելնելով։ Կան նաեւ տարածվող լուրեր, ըստ որոնց՝ Ադրբեջանը թույլատրել է արցախցիների միակողմանի շարժը, այսինքն՝ միայն ելքը, բայց իրականում ես որեւէ տեղեկություն չունեմ, թե որքան մարդիկ են այս տրամաբանությամբ դուրս եկել Արցախից, կամ արդյոք սա առաջարկվե՞լ է բնակչությանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031