JAMnews. Ավստրալիացի Լեն Ուիքսն ու Արմինե Հակոբյանը հանդիպել են 12 տարի առաջ: Ընտանիք կազմելուց հետո երկար տարի ապրել են արտերկրում, 2018թ.-ից հետո հողատարածք են գնել Արենի գյուղում ու մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:
«Ինձ մոտ չի եղել այն մոտեցումը, որ անպայման հայի հետ պետք է ամուսնանամ: Միշտ մտածել եմ՝ կարևորը՝ լավ մարդ լինի: Գլխավոր ու թերևս միակ հակասությունը, որն ունեցել ենք, առկա խնդիրների նկատմամբ մոտեցումների խիստ տարբերությունն է:
Հայերս շատ հարմարվող ենք, խնդիրների մասին չենք բարձրաձայնում, մտածելով՝ ավելի լավ է այդ պահին լռենք, խնդիրն ինքնիրեն կլուծվի։ Լենը այդպես չի մտածում: Նրա կարծիքով՝ խնդրի մասին պետք է անպայման բարձրաձայնել, որպեսզի լուծում տրվի։ Ժամանակի ընթացքում ես էլ հասկացա, որ լռելով խնդիրը չի լուծվում: Եթե կա խնդիր՝ պետք է խոսել դրա մասին»,- պատմում է Արմինեն:
Այլազգի սկեսուրի հետ ապրող Արմինեի համար ամուսնու մոր հետ հարաբերություններում զարմացնող ու հաճելի առանձնահատկություն կա։ Այն դրսևորվում է կանացի սոլիդարության տեսքով:
«Եթե Հայաստանում սկեսուրները ավելի շատ տղաների կողմից են լինում, փորձում են ամեն ինչ անել, որ տղաների համար լավ լինի, մեր դեպքում սկեսուրս փորձում է ավելի շատ ինձ աջակցել, ինձ պաշտպանել: Ասում է՝ այնպես արա, որ քո համար էլ լավ լինի, ոչ թե միայն իմ տղայի համար»,- ասում է Արմինեն:
Հայաստանում մշտական բնակություն հաստատած զույգը վստահեցնում է՝ երբևէ որևէ խտրական վերաբերմունք չեն զգացել:
«Լենին մեր շրջապատի հայերը միշտ լավ են վերաբերվել, իսկ մայրս պարզապես հիացած էր նրանով: Երբ նոր էի հանդիպել Լենին, ինձ միշտ ասում էր՝ լրիվ Մոխրոտիկի պատմությունն է։ Ես բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցել ու Լենի հետ հանդիպումը, ասես, Աստծո օրհնություն լիներ ինձ համար» ,- ասում է Արմինեն:
Պահանջված մասնագետ, բարձր վարձատրվող Լեն Ուիքսի հետ Արմինեի ամուսնությունը միանշանակ չի ընդունվել ամուսնու շրջապատի կողմից։
«Մարդիկ կան, որ այլազգիների հետ ամուսնանում են քաղաքացիություն ստանալու կամ գումարի համար: Հատկապես տարիներ առաջ նման դեպքերը շատ էին: Լենի ծանոթներից մի քանիսը մտածել էին, թե ես էլ եմ այդ պատճառով ընտրել նրան: Բայց նման ամուսնությունները սովորաբար երկար չեն տևում: Տեսնելով մեր միասնությունն ու ինձ ճանաչելով, ժամանակի ընթացքում հասկանում էին, որ նման բան չկա»,- պատմում է Արմինեն:
Միջազգային տարբեր ծրագրերում ներգրավված ու աշխատանքի բերումով 40-ից ավելի երկրներում ապրած Լենն էլ ասում է․
«Արմինեի շնորհիվ հայ կնոջ տեսակի բացահայտումն ինձ համար իսկական հայտնություն էր: Ուսումնասիրել եմ հայոց պատմությունն ու ինքս ինձ համար բացահայտել՝ հայ կինն այն ուժն է, որը հասարակության տարբեր կողմերն իրար է կապում: Ու զարմանալի է՝ այդ դեպքում ինչո՞ւ հայ կնոջ դերը բավականաչափ գնահատված չէ Հայաստանում:
Վստահ եմ՝ կանայք կարող են լինել լավ կառավարիչներ Հայաստանի համար: Տղամարդիկ վատ գործ են արել, որ Հայաստանի այսքան փոքր մասն է մնացել: Ժամանակն է, որ կանայք իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն ու դառնան որոշում կայացնող։ Եթե հայ տղամարդիկ շարունակեն չգնահատել կանանց, ապա իմ նման տղամարդիկ կգան ու կտանեն հայ կանանց»:
Արմինեն ամուսնուն է փոխանցել սերը Հայաստանի նկատմամբ: Այդ սիրով ոգեշնչված Լենը գիրք է հրապարակել՝ «Ծագումով բացահայտում» վերտառությամբ: Նա բլոգ է վարում ու ամեն շաբաթ ուղերձներ փոխանցում անգլախոս լսարանին՝ «Ուղիղ խոսակցություն հայրենիքից» վերտառությամբ։ Ներկայացնում է Հայաստանում ու Արցախում առկա կարևորագույն խնդիրները:
Ընտանիքի առօրյա մտահոգություններն այսօր անանձնական են: Դրանք Արցախի անվտանգության, արտաքին հարաբերությունների ու հայրենիքին ինչ-որ կերպ օգնած լինելու ջանքերի ու պատրաստակամության մասին են:
«Խառնամուսնությունների արդյունքում ձևավորված բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք և՛ ավանդապաշտ են, և՛ հայկական արժեքների կրող, և՛ հայրենասեր: Մենք ևս փորձում ենք լինել այդպիսին ու օգտակար լինել մեր երկրին»,- ասում է Արմինեն:
Ամենատարբեր երկրների կառավարությունների հետ աշխատանքային հարուստ փորձ ունեցող Լենն իր աջակցության պատրաստակամությունն է հայտնել նաև Հայաստանի ու Արցախի կառավարություններին: Փորձառու մասնագետի աջակցության առաջարկը, սակայն, դեռ չեն ընդունել։
Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: