Թե ի՞նչ է սպասվում Հայաստանին «Նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանագրով» «խաղաղության սև թուղթը» ստորագրելուց հետո, եթե մեկ նախադասությամբ ասելու լինենք՝ սպասվում է այն ծրագրի ավարտը, որի նպատակով ոճրագործվեց «Հոկտեմբերի 27-ը»։
Երբ 1993 թվականին, ՊԱԿ-ի (ԿԳԲ) ամենահին գործակալներից մեկը՝ Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ, նրա մասին տարածվող մութ ու տարաբնույթ պատմություններից իմ մեջ հատկապես տպավորվել էր (որը վերջերս նորոգվել է նորովի) Արցախյան պատերազմի հետ կապված նրա խորը վրդովմունքն ու նախատինքը՝ հասցեագրված Ադրբեջանի ղեկավարությանը։
– Հայերը Ղարաբաղն էին ուզում՝ տայիք էլի,- ասել էր նա, ապա ցինիկաբար հավելել, – այդքանից հետո (նկատի ունենալով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի հայկական ջարդերը) քանի՞ հայ կմնար Ղարաբաղում. Նախիջևանը ձեզ վկա։ Եվ մեր մատանու Կապույտ Ադամանդը (այդպես էր նա կոչում Լեռնային Ղարաբաղը) հանրաքվեով մերը կլիներ։ Էլ ի՞նչ պատերազմ:
Յուրաքանչյուր վերլուծական մտքի տեր մարդ գիտակցում է, որ «անկլավներ» անվան տակ հայաստանապատկան նորանոր հողերի տիրող Ադրբեջանը, Փաշինյանի նվիրած «կադաստրի վկայականի սեփականության իրավունքով», դրանց հետ վարվելու է, ինչպես կամենա։ Տագնապ կա, որ «անկլավնեը» կարող են վերածվել թուրք-ադրբեջանական զորանոցների, ռազմաբազաների՝ ծրագրի բոլոր հետևանքներով։
Կարդացեք նաև
Իսկ որպես «փախստականներ» Հայաստան կբերվեն, այդ նպատակով բացված, թուրք-ադրբեջանական բանտերի, գաղութների քրեական, պատերազմական ծանր հանցագործներ, հասարակության համար վտանգավոր տարատեսակ հիվանդությունների կրողներ, վարձկաններ, սաֆարովներ…. և, Հեյդարի հիշատակմամբ, այդքանից հետո՝ քանի՞ հայ կմնա Հայաստանում։ – Էլ ի՞նչ պատերազմ։
Եվ խոստացված «հիսուն տարում հինգ միլիոն» բնակչության աճն էլ կհամալրվի ոչ ուշ, քան հինգ տարում… Մանավանդ որ Հայաստանի քաղաքացիությունն արժի ընդամենը 150 հազար դոլար… Այնինչ, բնակչության ազգային գերակշիռ միատարրությունը ցանկացած պետության երազանքն է, նրա պաշտպանական ռազմավարության մեծագույն ուժը։
Թուրք-ազերիներն այս անգամ մեր մշակութային հսկա ժառանգությունը չեն ոչնչացնի, ինչպես դա արեցին 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Այն ժամանակ կար Արևելյան Հայաստանը՝ պահանջատերն այդ արժեքների, այսօր դրանք անտեր են մնալու։ Այս անգամ կոչնչացնեն խաչքարերը («Նախիջևանը ձեզ վկա»), քաղաքային ու ռազմական պանթեոնները, ազգայնականն ու հակաթուրքականը։ Մնացած ամբողջը նենգափոխելով կհամարեն իրենցը, իրենց մտացածին «նախնիների» ժառանգությունը՝ իբր յուրացված «եկվոր հայերի» կողմից։
Դեռ երեկ էր՝ Էրդողանի ստորագրությամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի՝ ո՞վ է արդեն հիշում այդ պետականորեն արդարացված վանդալիզմը։ Այսօր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ, Արցախում հայոց դարավոր եկեղեցիներ են իրար ետևից դարձվում մզկիթներ՝ ու՞մ ի՞նչ հոգսն է։
… Մեր ազգային մշակույթի, մեր գողթան երգերի անպարտելի ոգին էր մեր երակներում, մեզնից խլված Հայրենիքի արյան վրեժն ու կանչն էր մեր հոգիներում, որ հաղթեցինք ցեղասպանին։ Եվ շուրջ երեսուն տարի լցված ՀԱՂԹԱՆԱԿՈՎ՝ հպարտ, երջանիկ եղանք. անհագուրդ եսասիրությամբ վայելեցինք Նրան՝ չխնայելով, չխնամելով, չուժեղացնելով սակայն։ Չգուրգուրացինք Նրա վրա, թողեցինք Նրան անպաշտպան՝ դարձնելով օտարներին ու նույն ցեղասպանին կեր:
1918-ին ձևավորված Սփյուռք չունեինք, բայց, անգամ, Ցեղասպանությունից հյուծված ու թևաթափ ժողովրդի համախմբվածությամբ փրկեցինք ներկայիս Հայաստանը։ Այսօր կայացած հզոր Սփյուռքի և Հայաստանի անմիաբան, հուսահատ, մահվան թմբիրով անհաղորդ ժողովրդի անթարթ աչքի առաջ՝ մի քանի նյութակրոն օտարահպատակների ձեռքով թշնամուն է հանձնվում մեր Հայրենիքի վերջին բեկորը՝ վերջին Հայաստանը։
Փաշինյանի վերջին շրջանի ելույթներում անթաքույց ակնարկվում է Հայաստանի պետականության դեմ իրականացվող մոտալուտ ավարտական ոճիրը. …Արարատ լեռը մեր գերբից է դուրս դրվում, Հայոց Ցեղասպանությունը՝ մեր պատմությունից, մեր արվեստի Ոսկե Միջնադարը՝ դպրոցական դասագրքերից (թերևս, թուրք-ազերիները շտապում են արվեստ ունենալ), Երևանը խոչընդոտում է լավ ԲՈՒՀ-ական համակարգ ունենալուն, Անկախության Հռչակագիրը խանգարում է Հայաստանի Անկախությանն ու Պետականությանը… Եվ այսպես շարունակ։
Փրկությունը ազգային պետություն և կրթված հասարակություն ունենալն է։ Կհասցնե՞նք արդյոք։ Կարո՞ղ ենք գեթ վերջին անգամ, ժամ առաջ փրկության համազգային համախմբում հայտարարել։ Հակառակ դեպքում՝ Սյունիքում բարձրացող թուրանական առաջին դրոշը կդառնա Հայոց Պետականության ու Հայոց պատմության ավարտը։
… Այստեղ, Կրեմլի տիրակալի խոսքը հիշելով, պիտի հավելեմ. – Հայաստանի չլինելու դեպքում՝ ինձ ի՞նչ, թե թուրանական դրոշը աշխարհի ո՞ր պետությունների ու երկրների գերեզմանին կբարձրանա։
Մեծ թուրանի արյունաներկ աղեղը, սկիզբ առնելով «Զանգեզուրի միջանցքով»՝ ձգվելու է Չինաստանից Բալկաններ…տարածվելու է…և որպես Քաղաքակրթության Ավարտ, որպես արնածոր նորալուսին՝ խրվելու է աշխարհի ու մարդկության անտարբեր, ապակե աչքերի մեջ։
Այն Մարդկության, որին համաշխարհային ջրհեղեղի կործանումից փրկեց հայոց Արարատ Սուրբ լեռը։ Թուրանական կործանումից երկրներին ու ազգերին, որպես փրկության դարպաս, կրկին կպաշտպանի Հայոց հողը, ՍՅՈՒՆԻՔԻ Հայկական մնալը։
– ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ։
– Վաղն արդեն անհնարին ուշ է։
Անահիտ ՔՆԱՐՅԱՆ