Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի աշխատակազմը:
Հանդիպմանն Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև գործակցությունը գտնվում է «շատ լավ մակարդակում»:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ ընտրվելուց հետո առաջին պետական այցին Ադրբեջան՝ Ալիևն ընդգծել է այդ այցի ընթացքում ռազմաօդային ուժերի նոր Կենտրոնական հրամանատարական կենտրոնի բացման կարևորությունը:
Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ երկու երկրների ղեկավարների միջև սերտ հարաբերություններն ու շփումները դրական են անդրադարձել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա, և ընդգծել է, որ իրականացվում է արդյունավետ փոխգործակցություն ադրբեջանցի գործընկերների հետ:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները բարեհաջող կզարգանան բոլոր, այդ թվում` ռազմական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել երկկողմ գործակցության հեռանկարների վերաբերյալ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ