ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավի շրջանակում հանդիպեց Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:
«Մարդկանցից մենք ստանում ենք հանձնարարականներ՝ վերակառուցել իրենց բակերը, փոխել իրենց տրանսպորտը, վերելակները, վերանորոգել իրենց մանկապարտեզները, երաժշտական դպրոցները եւ այդպես շարունակ: Այդ ժողովրդին այսքան ժամանակ ընդամենը մի բան ենք ասել, այս կարգախոսը արհեստական ծնված կարգախոս չէ, սա ծնվել է այն բոլոր պահանջներից, որոնք երեւանցիները մեզ տվել են: Երեւանցիները մեզ ասել են, եւ մենք դա արել ենք: Մենք շարունակում ենք ասել՝ սիրե՛լի երեւանցիներ, ասե՛ք մեզ, ու մենք դա կանենք»,- ասաց Ավինյանը:
Նրա խոսքով, Երեւանի շատ թաղամասերում, երեխաները բակ չունեն, որովհետեւ հանրային շահը գերակա չի համարվել այդտեղ. «Պետք է հանրային շահը գերակա լինի մասնավորի նկատմամբ, այդ երեխաների շահը ստորադասվում է «բուդկայի» տիրոջ շահերին, բոլոր խնդիրները այդտեղից են սկսվում: Շատ արդար է, երբ գնում ենք բակեր, ասում ենք , ասեք մեզ, ձեզ պե՞տք է՝ այս տարածքը բացազատել, դուք պե՞տք է հանգստանալու տեղ ունենաք, մեզ ասում են՝ այո: Մենք այդ պատասխանատվությունից չենք խորշում, վատամարդ դուրս գալուց, պատրաստ ենք վատամարդ էլ, լավամարդ էլ լինել, այն լինել, ինչ մեզ կհանձնարարեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ