«Միացյալ Հայաստանի» քարոզարշավն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր:
Քաղաքացիների հետ զրույցում այս քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը բնակիչներից մեկին խոստացավ, որ ընտրվելու պարագայում ոչ թե ամբողջ օրը փողոցներում ման կգա, որ ցույց տա, որ աշխատում է, այլ աշխատողներին ճիպոտով կաշխատացնի:
«Ես իմ ազգ ու տակին, սաղին կասեմ, ընտրեն քեզ: Ազգանունդ ի՞նչ էր: Միայն մեր ցանկությունը կատարես»,- պատասխան խոստումով Թարվերդյանին դիմեց քաղաքացին:
«Ես գալու եմ, տեր լինեմ էս քաղաքին, ոչ թե անտեր թողնեմ, ինչ ուզեն, անեն: Խոստանում եմ ամեն քաղաքացուն իմ հոր ու մոր պես դիտարկեմ: Ձեզանից է ամեն ինչ կախված, հենց որոշեք՝ ընտրելու եք, ընտրվելու եմ»,- շարունակեց Թարվերդյանը:
Կարդացեք նաև
Նրա հետ զրուցող քաղաքացին էլ վստահեցրեց՝ իր կողմից հարյուր ընտրող Թարվերդյանի օգտին կբերի, ինչին Թարվերդյանը հակադարձեց՝ հարյուրը քիչ է: Քաղաքացին պատասխանեց՝ եթե ամեն մեկը հարյուր ընտրող ապահովի, շատ լավ կլինի:
Մեկ այլ քաղաքացի դժգոհեց թոշակի չափից, ասաց՝ 28.000 դրամից բարձրացրել են 36.000 դրամ, բայց էլի չի հերիքում, օրինակ ջուրն անջատել են արդեն չվճարելու համար:
«Էդքան փողը ոնց եք կարողանում ծախսել, չեմպիոն եք, որ կարողանում եք ծախսել մեկ ամսում»,- կատակեց Թարվերդյանը:
Հետո նա մոտեցավ զրուցարանում հավաքված քաղաքացիներին զրուցելու, նրանցից մեկն էլ ասաց՝ իրեն չի հետաքրքրում ասֆալտը, այլ երկրի սահմանների անվտանգության հարցն է հուզում. «Ինձ հետաքրքիր չի քո ասֆալտ փռելը, ինձ հետաքրքիր է հայրենիքի սահմանը պաշտպանեք: Ինչի՞ համար եք բեսետկա սարքում, թուրքի համա՞ր»:
«Նույն բանը ես եմ ասում, այ ցավդ տանեմ: Ասում եմ՝ էս թուրքերի համա՞ր եք ճամփեն սարքում, դիրք սարքեք, գործ արեք: Մեկ ասացի, երկու ասացի, ախպե՛ր, որ չեն անում, պիտի ասես՝ հլը էս կողմ եկեք, ես կգամ, կանեմ»,- արձագանքեց Թարվերդյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ