Լրահոս
Օրվա լրահոսը

Ես տեսա մտածող գեներալի, որը մեկ վայրկյան անգամ չի դադարում մտածել Հայաստանի և Արցախի մասին․ Ռուբեն Մելքոնյան

Օգոստոս 27,2023 18:43

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրերս այցելել եմ կալանավայրում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին և մոտ երեք ժամ զրուցել նրա հետ: Զրույցը, բնականաբար, Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենաբանական խնդիրների, աշխարհաքաղաքական զարգացումների մասին էր: Առանց ավելորդ պաթոսի ուզում եմ ներկայացնել իմ կարճ դիտարկումները բանտում գտնվող գեներալի հետ հանդիպումից.

– Ես տեսա ինտելեկտուալ գեներալի, ով բանտային պայմաններում անդադար ընթերցում է տարբեր թեմաների նվիրված գիտական գրքեր:
– Ես տեսա ստրատեգ գեներալի, ով բանտային պայմաններում աշխատում է տարատեսակ քարտեզների վրա և մշակում տեսություններ:
– Ես տեսա մտածող գեներալի, ով մեկ վայրկյան անգամ չի դադարում մտածել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին, սկսած «խաղաղության պայմանագրից» մինչև, այսպես կոչված, անկլավների խնդիր ու դրանց կործանարար հետևանքներ:
– Ես տեսա հպարտ և անկոտրում գեներալի, ով հեգնական ժպիտով ու իր սպայական պատվի բարձունքից է նայում իրեն ազատազրկման տարած այս ամբողջ գործընթացի և դրա մանր ու մեծ դերակատարներին:
– Ես տեսա իր սկզբունքներին և Հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորություններին ու գիտակցմանը հավատարիմ գեներալի, ով դրանք պաշտպանելու հարցում կարծես ինքն իրեն տվել է «Ни шагу назад» հրամանը և խստորեն հետևում է դրան:
– Եվ ի վերջո, ես տեսա ազատ գեներալի, հոգեպես և գաղափարապես ազատ քաղաքացու ու հայի, ով կալանավայրի խցում ավելի ազատ է, քան իրենց շքեղ աշխատասենյակներում և ճոխ մունդիրների մեջ գտնվող շատ շատերը:

Գեներալ Խաչատուրովը խնդրեց նախ իր շնորհակալությունը փոխանցել իր հետ կապված ստեղծված վիճակով բոլոր մտահոգներին, հատուկ ընդգծեց, որ շարունակում է մնալ հաստատակամ իր արտահայտած դիրքորոշումների և արված քայլերի մեջ և ամենակարևորը՝ խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի և իր հանդեպ կիրառվող հալածանքների ու անօրինականությունների վրա՝ ասելով. «Կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է»:

Հ.Գ. Վստահ եմ, որ հետագայում հայոց պատմության այս փուլը անաչառ պատմագրության կողմից կոչվելու է Մեծ Ամոթի ժամանակաշրջան, երբ կործանվեցին արժեքներ, հալածվեցին նվիրյալներ և հերոսներ, ու այդ ամենը տեղի ունեցավ լուռ հարմարվողների և պատեհապաշտների ամբոխների աչքի առաջ, սակայն Վիկտոր Հյուգոյի ձևակերպմամբ. «աղետները երբեմն հատկություն ունեն ամեն ինչ սոսկալի միջոցներով դեպի լավը շուռ տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031