Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթև համայնքում ՔՊ-ից ընտրված ավագանու անդամները չեն հաշտվել ընդդիմություն դառնալու կարգավիճակի հետ․ «Հետք»

Օգոստոս 27,2023 18:27

Տաթև համայնքի ավագանին, ավելի քան երեք ամսվա ընդմիջումից հետո, օգոստոսի 23-ին կարողացել է արտահերթ նիստ գումարել։ Այս համայնքում ավագանու վերջին նիստը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, որի ժամանակ ավագանու որոշումներով վաղաժամ դադարեցվել էին «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից ընտրված ավագանու 7 անդամներից 6-ի լիազորությունները։ Նույն օրը որոշվել էր ավագանու հերթական նիստը նշանակել հունիսի 12-ին։

Այդ ընթացքում մանդատից զրկված ՔՊ կուսակցության ավագանու 6 անդամներին փոխարինել են ընտրացուցակի հաջորդ համարները։ Նրանք մայիսի 24-ին վերցրել են մանդատները, սակայն ավագանու հերթական՝ հունիսի 12-ին նշանակված նիստին երկուսը մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել համայնքի ղեկավարին։ Մյուսները կրկին նիստին չեն ներկայացել։ Այդ օրը նիստը տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով, և դրանով ավագանու չորրորդ նստաշրջանն ավարտվել է։

Հրաժարվածներից երկուսի մանդատները հունիսի 21-ին փոխանցվել են ՔՊ ցուցակի հաջորդ համարներին։ Նույն օրակարգով ավագանու արտահերթ նիստ էր նշանակվել օգոստոսի 17-ին, որը դարձյալ տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով։ ՔՊ կուսակցության ավագանու անդամները չեն ներկայացել նաև այդ նիստին։ Երրորդ անգամ նույն օրակարգով նիստ էր հրավիրվել օգոստոսի 23-ին, այս անգամ ավագանուն հաջողվել է որոշումներ ընդունել երեք ամիս առաջ օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։ Մանդատներ ստացած ՔՊ անդամներից երկուսը մասնակցել են այդ նիստին, եւ ավագանին, ի թիվս այլ որոշումների, հաստատել է Տաթև համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստերի ժամանակացույցը։

Մեր հարցին՝ արդյոք քվորումի բացակայությունը պայմանավորված է մայիսի 18-ի նիստում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6 անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցմամբ, Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը հայտնեց․ «Առանց նրանց էլ մենք քվորում ունենում ենք։ Սակայն այդ նիստերին նաև այլ բացականեր են եղել, այդ պատճառով նիստերը տեղի չեն ունեցել։ Մեր ցանկությունն այն է, որ մեծ թվով ավագանու անդամներ մասնակցեն նախագծերի քննարկմանը, տեսակետները բազմաբնույթ լինեն»։

Տաթև համայնքի ավագանին ՔՊ կուսակցությունից ընտրված 6 անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցրել է ավագանու նիստերին չմասնակցելու համար: Ավագանին քննարկել էր ՔՊ կուսակցության ավագանու անդամներից 7-ի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը, և ընդունած որոշումներով դադարեցրել էր 6-ի լիազորությունները: Մեկի նկատմամբ բացառություն է արվել, քանի որ նա երեք նիստի մասնակցել է և կողմ է քվեարկել համայնքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող որոշմանը։

2021թ. հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն այս համայնքում ավագանու 7 մանդատ էր ստացել, 6 մանդատ ստացել էր «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, ևս 2 մանդատ՝ «Ապրելու երկիր»-ը: Համայնքի ղեկավար էր ընտրվել «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու ընտրացուցակը գլխավորող Սամվել Լալայանը:

ՔՊ-ից ընտրված ավագանու անդամները չեն հաշտվել ընդդիմություն դառնալու կարգավիճակի հետ։ Ընտրվելուց հետո մասնակցել են ավագանու առաջին նիստին, այնուհետև դադարեցրել են մասնակցությունը, բայց և չեն հրաժարվել մանդատներից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031