Նորվեգիայում կայացած Սոնյա թագուհու երգի մրցույթում հայ օպերային երգիչ, բարիտոն Ակսել Դավեյանն արժանացել է երկրորդ պատվավոր մրցանակին։
Եզրափակիչ փուլը կայացել է Օսլոյի օպերային թատրոնում, որտեղ Ակսելը երգել է Չայկովսկու «Իոլանտա» օպերայից Ռոբերտի արիան ու Գունոյի «Ֆաուստ» օպերայից Վալենտինի արիան։ Հայ օպերային երգչի կատարումներից հետո հանդիսասրահում ծափահարությունները չէին դադարում։
Ակսել Դավեյանի ձայնը, մատուցման եղանակն ինքնատիպ է, մաքրամաքուր։ Նրա կատարմամբ յուրաքանչյուր ստեղծագործություն հնչում է նորովի, ընդհանրացվում երգչի ապրումներով ու վերաբերմունքով։ Նրա կատարումներից պարզ է դառնում, թե ինչքան կարևոր է, որ ինքդ քեզ ճանաչելով ես երգում և այդ ամենը դարձնում էներգիայի, ուժի, վստահության աղբյուր։
Կարդացեք նաև
Ակսել Դավեյանն այսօր էլ շարունակում է քրտնաջան աշխատել, որովհետև վստահ է` մասնագիտական հաջողությունները կախված են մարդուց, պետք է աշխատել, ամեն քայլ նպատակային անել, որ պտուղները բարի լինեն։
Հ.Գ. Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել նաև մեր հայրենակից, բարիտոն Նավասարդ Հակոբյանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ