Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովրդի նվաստացում

Օգոստոս 27,2023 15:00

Մի քանի օր առաջ, լրատվամիջոցներից մեկում, կարծեմ «Առավոտ»-ում, նկատեցի մի տեսարան քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավի ժամանակ․ մի կին է մոտենում նրան և հուզված ասում․ «Եթե իմանայի գալու եք, նոր շորերս կհագնեի»։

Այս տեսարանն առիթ հանդիսացավ հոդվածը գրելու համար։

Հայտնի է, որ ողջ աշխարհում բոլոր քաղաքական ուժերը, գործիչները նախընտրական արշավի ժամանակ փորձում են հաճոյանալ ժողովրդին՝ նրան գովաբանելով, տարբեր  իրականանալի և անիրականանալի խոստումներ տալով։ Բնականաբար, եթե որևէ գործիչ փորձի խոսել տվյալ ժողովրդի ինչ-ինչ թերությունների, արատների մասին, նա զրոյական տոկոսներ կհավաքի։

Բայց և տարբեր են, այսպես ասած, ժողովրդին հաճոյանալու ձևերը՝ կախված տվյալ երկրի կառավարման բնույթից։

Կայացած, իրական ժողովրդավարական երկրներում քարոզարշավը ծավալվում է ծրագրեր ներկայացնելով  և խոստումներով։ Քարոզարշավի ժամանակ, ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներ՝ նախագահ, վարչապետ, «մոռանում» են իրենց արտոնությունները և ժողովրդի հետ փորձում են շփվել անմիջականորեն՝  հաճախ առանց թիկնապահների ուղեկցության, ժպտալով, ձեռք սեղմելով։

Այլ է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում, հատկապես, երբ իշխանության է հասել բռնապետական հակումներ ունեցող անձնավորություն։ Բացի, որպես կանոն, անիրականանալի  խոստումներից, բեմադրվում են նաև տեսարաններ, թե ինչպես է ժողովուրդը պաշտում իր սիրեցյալ առաջնորդին։ Նման տեսարաններ հայտնի են ինչպես ժողովուրդների հայր Ստալինի, այնպես էլ այլ, օրինակ՝ Հյուսային Կորեայի, Թուրքմենիայի առաջնորդների մասնակցությամբ։ Օրինակ, հանկարծ սիրելի առաջնորդի մոտ է վազում որևէ երեխա, առաջնորդը նրան գրկում է և երկուսով երջանիկ ժպտում են, իսկ հավաքված ժողովուրդը հուզմունքից արտասվում է։ Թուրքմենիայի նախկին նախագահ  Թուրքմենբաշին (Սափարմուրադ Նիյազով), երբ քայլում էր, նրան ուղեկցում էին թուրքմենական ազգային տարազով երկու գեղեցկուհիներ, որոնք վարդաթերթիկներ էին շաղ տալիս Առաջնորդի ոտքերի տակ։

Հարգելի ընթերցող, այս ամենը ձեզ ինչ-որ բան չի՞ հիշեցնում։ Նման հակումներ ունի, այսօրվա Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Կարծեմ, 2021թ․ քարոզարշավի ժամանակ էր, երբ նա այցելել էր ինչ-որ բնակավայր և նրան ոչ միայն աղուհացով դիմավորեցին, այլև Թուրքմենբաշու օրինակով, վարդաթերթիկներ շաղ տվեցին ոտքերի տակ։ Տարբեր մարզեր այցելությունների ժամանակ «հանկարծ» նրան են մոտենում երեխաներ, վարչապետ կոչեցյալը մեծահոգաբար շոյում է նրանց գլուխները, գրկում։ Նույնպես, «հանկարծ» տարիքով կինը, վարչապետ կոչեցյալին տեսնելով, ցանկանում է նրա ոտքերը համբուրել։ Նրան են մոտենում կանայք և հուզված ողջագուրվում․ «Մեզ մենակ չթողնեք»։ Նման բեմադրությունների շարքն անվերջ է։ Իրականում, նման տեսարաններ բեմադրելով՝ վարչապետ կոչեցյալը, նվաստացնում է ժողովրդին։ Նույնիսկ եթե նման տեսարաններից գոնե մեկն իրական լիներ, արժանապատվություն ունեցող մարդը, նախ կզգուշացներ, որ նման խոսքեր այլևս երբեք չասվեն և կարգելեր դրա տարածումը, քանի որ արժանապատիվ մարդը նաև ցանկանում է, որ բոլորը նույնպես լինեն այդպիսին։

Նա հաճույք է ստանում, ՀՊԱՐՏՎԱԾ ժողովրդին նվաստացնելուց։ Նա նվաստացնում է իր թիկնապահներին՝ ստիպելով նրանց հովանոց պահել իր և իր ընտանիքի անդամների գլխավերևում, նվաստացնում է զինվորական սպայակազմին՝ ստիպելով ոտքի կանգնել և պատիվ առնել երկիրը պարտության մատնած, հազարավոր զոհեր տված, Արցախն ուրացած անձնավորությանը, նվաստացնում է ոստիկաններին՝ ստիպելով հակաօրինական հրամաններ կատարել, նվաստացնում է քննիչ-դատախազ-դատավորներին՝ ստիպելով քրեական գործեր թխել և կալանավորել հակառակորդներին, նվաստացնում է իրեն հավատարիմ ՔՊ-ականներին՝ ստիպելով իրեն տեսնելուն պես, ոտքի կանգնել։ Եվ իրենց տիրակալի օրինակին են հետևում, նրա հպատակները։

Գործակալ, այժմ արտգործնախարարի ետևից պետք է վազի թիկնապահը և ընթացքում հագցնի վերարկուն, գլխավերևում պահի հովանոցը, ՔՊ-ական  քաղաքապետի թեկնածուին պետք է մոտենա անծանոթ կինը և ափսոսա, որ նոր շորեր չի հագել։

Ի՞նչ դնես սրա անունը։ Առանց, դույզ իսկ արդարացման, նշենք, որ Ստալինը հաղթեց պատերազմը, ԽՍՀՄ-ը դարձրեց աշխարհի հզոր երկրներից մեկը, Հյուսային Կորեայի ղեկավարները երկիրը դարձրեցին պետություն-ամրոց, Թուրքմենբաշին լուծեց իր երկրի սոցիալական հարցերը։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանի վարչապետ կոչեցյալը՝ պարտություն, հազարավոր զոհեր, ահռելի տարածքային կորուստներ, Արցախի ուրացում։ Եվ այս ամենի հետ՝ ժողովրդին հետևողականորեն նվաստացում։Նման հակումներ ունեցող անձը, հավանաբար ժամանակին ինքն է նվաստացումների ենթարկվել, դառնալով բարդույթավորված, գավառական վրեժխնդիր արարած։Փաստորեն, երբ նա ասում էր․ «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում ձեր առաջ», իրականում  նկատի ուներ․ «Ատում եմ բոլորիդ, բոլորդ պետք է խոնարհվեք իմ առաջ»։

Չգիտեմ, գուցե իրենց որդիներին Վովա, Վանիչկա, Ալեն, Ռոմանոս,Սարկոզի և այլ նման անուններ դնող ժողովրդի մեծամասնությունը համաձայն է, հանուն փողի՝ նվաստանալ։

Երկրի վերնախավի պարտավորությունն է դաստիարակել, սեփական օրինակով  ժողովրդի արատավոր բարքերը վերացնել։Փոխարենը, այսօրվա ՔՊ-ն իր առաջնորդով, և օրինակով, ավելի է խորացնում տարիների, գուցե դարավոր մեր ժողովրդի հիվանդությունը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031