«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում քննարկում ծավալվեց այն հարցի շուրջ, թե ինչպես են համադրվում Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված հետեւյալ երկու դրույթները․ մի կողմից՝ «Համատիրության կողմից գանձվող վճարների վերացում», մյուս կողմից՝ «Շենքերում և բակերում ամենօրյա մաքրության իրականացում»։ Ներկայացնում ենք առանձին հատվածներ այս հարցի վերաբերյալ Երեւանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համար Սուրեն Գրիգորյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր»-ի ցուցակի 2-րդ համար Մեսրոպ Առաքելյանի տեսակետներից։
Սուրեն Գրիգորյան․ Երբ որ դուք ասում եք՝ համատիրության վճարներ չեն գանձվում՝ մարդիկ հասկանում են, որ իրենք էլ փող չեն վճարելու։ Այսինքն, նախատեսում եք, որ համայնքային բյուջեի հաշվի՞ն պետք է իրականացվի։
Մեսրոպ Առաքելյան․ Այո, իրենք փող չեն վճարելու։ Համայնքային բյուջեից է արվելու՝ հաշվի առնելով, որ տեղի է ունեցել անշարժ գույքի հարկի ավելացում, եւ փաստացի էլի բնակիչն է վճարելու, որպեսզի այդ սոցիալական բեռը չլինի․․․
Սուրեն Գրիգորյան․ Պրն Առաքելյան, դուք տեղյակ եք, չէ՞, որ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքի մասին եք հիմա խոսում, ոչ թե համայնքային…
Կարդացեք նաև
…Համայնքային միջոցներով հոգ է տարվում համայնքային տարածքների վերաբերյալ։ Ես վախենում եմ, որ մի քիչ շարունակենք՝ կարող է ինչ-որ մասնավոր անձանց տան վերանորոգման մասին էլ սկսեք խոսել։ Դա մասնավոր սեփականություն է։ Բազմաբնակարան շենքում դա այդ շենքի բնակիչների սեփականությունն է։
Այո, համատիրության համակարգը կայացած չի, այո, պետք է լինեն պրոֆեսիոնալ կառավարիչներ եւ ամենակարեւորը՝ մարդիկ հասկանան, թե իրենց վճարած գումարն ուր է գնում։ Այսօր մարդկանց բողոքն այն չէ, որ չեն ուզում գումար վճարել։ Այսօր մարդկանց բողոքն այն է, որ չեն հասկանում, թե իրենց վճարած գումարը ոնց է ծախսվում։ Բայց երբ ասում եք, թե պետք է համայնքային բյուջեից պետք է դա իրականացվի՝ հարց է առաջանում, թե համայնքային միջոցների ծախսը մասնավոր սեփականության վրա ո՞նց եք արդարացնում։
Մեսրոպ Առաքելյան․ Մասնավոր սեփականության հարցն ընդամենը պետք է կարգավորել օրենքով․․․
…Մարդիկ վճարում են գույքահարկ, այն գնում է համայնքային բյուջե․․․ Եվ ընդհանրապես՝ մարդը պետք է քաղաքապետարանից սպասի ծառայության մատուցում՝ երբ դռնից դուրս է գալիս։
Սուրեն Գրիգորյան․ Այսինքն՝ իր բնակարանից դուրս, ամբողջը պետության, համայնքի վրա՞ լինի, դուք այդպե՞ս եք պատկերացնում։
Մեսրոպ Առաքելյան․ Համայնքի եւ համատիրության համագործակցության վրա։ Ես չեմ ասում՝ համատիրություն չլինի։
Բանավեճն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ