Լրահոս
Օրվա լրահոսը

«Միավորման» հարթակը կկազմակերպի ընտրությունների ամբողջ ընթացքի համընդհանուր վերահսկում, կիրականացնի իրազեկման առանձին հավաքներ ու երթեր»

Օգոստոս 26,2023 22:15

Քանի որ մտահոգություն կա, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իշխող քաղաքական ուժը վերարտադրվելու նպատակով կկիրառի իր ձեռքի տակ եղած գործիքակազմերը՝ պետական կառավարման մարմիններ, ուժային կառույցներ, կրթական եւ մշակութային հաստատություններ, ընտրությունները կեղծելու տեխնոլոգիաներ եւ այլն, «Միավորման» հարթակի նախաձեռնող խումբն այդ ամենը կանխելու նպատակով այսօր անցկացրեց հիմնադիր հավաքը, որին մասնակցեցին երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ։

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն Aravot.am-ին ասաց․«Հիմնադիր այս հավաքի առաջին նպատակն է՝ ստեղծված իրավիճակում իրական մեղավորներին վերջապես հեռացնելու համար Երեւանի ավագանու ընտրությունները դարձնել որպես այսօրվա գործող իշխանությանը ոչ ասելու հանրաքվե, հավաքական կազմով ձեւավորել մայրաքաղաքի կառավարման այնպիսի ուժ, որը մեխանիկորեն չի ենթարկվի կառավարության թելադրանքին եւ պայմաններ կստեղծի, որպեսզի հետագայում ձեւավորվի համահայկական այնպիսի մի ընդհանուր կառույց, որը կստիպի այսօրվա իշխանությանը վերջնականորեն հեռանալ։ Այդ կառույցը նաեւ ձեւավորելու է ստեղծված իրավիճակից դուրս գալու ռեալ հնարավորություններ։

Մենք կարծում ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները լինելու են այսօրվա իշխանությանը ոչ ասելու առաջին քայլը»։

Հարցին, թե «Միավորման» մեջ ովքե՞ր կարող են մտնել, Արշակ Սադոյանը պատասխանեց․ «Մենք պայմանավորվեցինք, որ միավորման մեջ կարող են մտնել ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած այն կուսակցությունները, դաշինքները, որոնք նախօրոք հրապարակայնորեն բանավոր, եւ գրավոր կհայտարարեն, որ իրենք ոչ մի դեպքում համագործակցության չեն գնա, կոալիցիա չեն կազմի գործող իշխանության եւ նրա արբանյակ ուժերի հետ եւ  հետագայում իրար հետ համաձայնության գալով կձևավորեն քաղաքային իշխանություն։

Միավորման մեջ կարող են լինել նաեւ այլ ուժեր, որոնք Երեւանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում, հեղինակավոր անձինք, որոնք պատրաստ են ամեն կերպ աջակցել, որպեսզի այս ընտրությունները դառնան նիկոլականներին ոչ ասելու հանրաքվե»,-ասաց Արշակ Սադոյանը։

Որպես մեկ ամբողջություն, ստեղծեց «Միավորման» շտաբ, աշխատանքային խումբ, որը կկազմակերպի ընտրությունների ամբողջ ընթացքի համընդհանուր վերահսկում։ Գաղտնիք չէ, որ մասնակից ուժերի մեջ կան այնպիսիք, որոնք 400-ից ավելի ընտրատեղամասերում ներկայացուցիչ նշանակելու ռեսուրս չունեն։ «։

Սակայն շատ կարեւոր է իմանալ, որ «Միավորումը» առանձին վերցրած ավագանու ընտրություններին մասնակցող  որեւէ ուժի չի աջակցում։ Քաղաքացին ազատ է իր որոշման մեջ, թե ում վստահի աղբահանությունը, տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը եւ քաղաքի մյուս հոգսերը։ Մենք ընդամենը փորձելու ենք երևանցիներին ներկայացնել նաեւ իրականության ողբերգականության աստիճանը եւ բացատրել, որ պակաս կարեւոր չէ նաեւ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը։ Հետեւաբար, ասել, որ ընտրեն ում ուզում են, բացի իշխող ուժից եւ նրա արբանյակներից»,եզրափակեց փորձառու քաղաքական գործիչը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031