«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն այսօր Ավան վարչական շրջանում էր: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ փորձում են մարդկանց հիշեցնել ու պատմել, որ սեպտեմբերի 17-ին նախատեսված ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է:
«Մարդիկ դեռ իրազեկման փուլում են: Միաժամանակ մենք տեսնում ենք պատրաստակամություն լսելու, թե ինչի մասին ենք խոսում: Մենք հույս ունենք, որ այդ արձագանքը սեպտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցելու հետեւանք է լինելու: Ամենակարեւոր բանը, որ ունենք անելու, հաղթահարելն է այն հուսահատությունը, հիասթափությունը, որ մարդկանց պատել է այս 5 տարվա իշխանությունների պատճառով ու համընդհանուր երկրում տիրող իրավիճակով պայմանավորված: Շատ դժվար է Արցախում ստեղծված այդ իրավիճակի պայմաններում քարոզարշավ իրականացնել, բայց մենք շատ պատասխանատու ենք զգում մեզ Երեւանում իշխանափոխություն իրականացնելու հարցում, դա մեզ ուժ է տալիս հավաքվել, գնալ քարոզարշավի, մարդկանց հետ խոսել հասկանալի լեզվով, որ կարողանան մեր քվեաթերթիկով, որը 13-ն է, իշխանափոխություն իրականացնել եւ կանխատեսել Երեւանի զարգացումը առաջիկա հինգ տարվա համար»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ լրագրողներին հորդորել է իրեն Արցախից հարց չտալ, այլ միայն այգիներից ու մանկապարտեզներից խոսել, Մանե Թանդիլյանն այսպես արձագանքեց.
«Ակնհայտորեն իրենք այդպես պետք է պատասխանեն, որովհետեւ հո չեն կանգնելու մեր ժողովրդին ասեն՝ Արցախից հրաժարվեք, մենք Արցախն արդեն հանձնել ենք: Հետեւաբար, մեր ուժը, որ ստեղծվել է անմիջապես պատերազմից հետո, ամեն օր զբաղված է իշխանափոխությամբ ու հենց Արցախն է եղել կարմիր գիծ, որ ստեղծել ենք կուսակցություն: Արցախի ժողովրդի ինքնորոշման, պաշտպանության համար անելու ենք ամեն բան: Ինչ է նշանակում Երեւանի ընտրությունը Արցախի համար: Երեւանում, երբ տեղի ունենա իշխանափոխությունը, հանրությունը, համայն աշխարհն իմանալու է, որ Երեւանում մի ուժ է եկել իշխանության, որը խոսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որը չի փոխելու ՀՀ անկախության հռչակագիրը, որտեղ գրված է ԼՂ ու այն որոշման մասին, որ ՀՀ եւ Արցախի ժողովուրդները համատեղ կայացրել են, հետեւաբար՝ այս լուրջ ազդակը կանգնեցնելու է որոշ գործընթացներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ